
Վրաստանում կենսապահովման նպաստ ստացողների թիվը կրկին նվազել է։ Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալներով՝ միայն վեց ամսում կենսապահովման նպաստի հասանելիությունը դադարեցվել է ավելի քան 126 հազար մարդու։
Մասնավորապես, 2026 թվականի հունվարին կենսապահովման նպաստ ստացողների թիվը կազմում էր 710 հազար 226, իսկ հունիսին այս ցուցանիշը հավասարվել է 584 հազար 137-ի։ Տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում նպաստառուների թիվը նվազել է մինչև 126 հազար 89։
Ամսական տվյալների ուսումնասիրությամբ ևս պարզ է դառնում, որ ընթացիկ տարվա հունվարից մինչև հունիս ներառյալ ամեն ամիս գրանցվում է նպաստառուների թվի անկում։
Սոցիալական օգնություն ստացողների թիվն ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին.
Հունվար – 710 հազար 226 մարդ,
Փետրվար – 709 հազար 458 մարդ,
Մարտ – 667 հազար 793 մարդ,
Ապրիլ – 645 հազար 920 մարդ,
Մայիս – 605 հազար 033 մարդ,
Հունիս – 584 հազար 137 մարդ։
Հիշեցնենք, որ սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների բազայում գրանցված անձանց, այսպես կոչված, «ուռճացված» թվի վերաբերյալ առաջին հայտարարությունը վարչապետ Իրակլի Կոբախիձեն արել էր 2025 թվականի նոյեմբերի 26-ին։ Այն ժամանակ վարչապետն ասել էր, որ «ներկայումս Վրաստանում սոցիալական օգնություն է ստանում ավելի շատ մարդ, քան իրականում աղքատ է, հետևաբար` այդ ցուցանիշը վերանայման կարիք ունի»։
Կենսապահովման նպաստ ստացող ընտանիքների վերստուգման ու չափանիշների փոփոխության մասին հայտարարվեց ընթացիկ տարվա սկզբին։ Ըստ առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեի` նպատակն այն է, որ բազայում մնան այն մարդիկ, որոնք իրոք կարիք ունեն պետության ֆինանսական օգնության։
Ավելի ուշ կառավարությունը փոխեց սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների բազայում գրանցման կանոնները։ Կառավարության նոր որոշմամբ՝ համակարգում ներդրվել է խիստ ֆինանսական շեմ, որը բարձր եկամուտ ունեցող անձանց օգնություն ստանալու հնարավորությունն ավտոմատ կերպով դադարեցնում է։

