
Հեղուկ գազի (LPG) գինը շարունակում է աճել։ Մարտ ամսից մինչ օրս վառելիքը միջինում թանկացել է 20–25 թեթրիով, սակայն ոլորտի ներկայացուցիչների գնահատմամբ՝ գների աճը դեռ շարունակվելու է։
«Հեղուկ գազի ասոցիացիայի» նախագահ Նիկա Խոփերիան BMG-ին հայտնել է, որ պատճառները բազմազան են, որոնցից հիմնականներն են սեզոնային պահանջարկի աճը, Ռուսաստան–Ուկրաինա պատերազմը և մատակարարման այլընտրանքային շուկաների բացակայությունը։
Նրա խոսքով՝ գների վրա առաջին ճնշումը ստեղծել է սեզոնային գործոնը։ Մայիսից մինչև սեպտեմբերի վերջ, ակտիվ զբոսաշրջային սեզոնի և մարդկանց տեղաշարժի աճի պատճառով, Հայաստանում հեղուկ գազի սպառումը… (նկատի ունի Վրաստանը) աճում է մոտ 25–30%-ով։
«Գները դեռ շարունակում են բարձրանալ, որովհետև սեզոնային աճ է։ Մայիսից մինչև սեպտեմբերի վերջ մարդկանց ակտիվ տեղաշարժը դեպի գյուղեր և հանգստավայրեր զգալիորեն մեծացնում է վառելիքի սպառումը։ Սա լրացուցիչ ճնշում է գների վրա», — նշել է Խոփերիան։
Սակայն նրա խոսքով՝ այս տարի սեզոնային գործոնին ավելացել է նաև բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը։ Ռուսաստան–Ուկրաինա պատերազմի ֆոնին Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքների վրա իրականացվող հարձակումների հետևանքով շուկայում հեղուկ գազի պակաս է առաջացել։
«Ուկրաինական բանակը մեծ ազդեցություն է թողնում Ռուսաստանի նավթարդյունաբերության վրա։ Ռուսաստանի Դաշնությունում հեղուկ գազն այժմ դարձել է դեֆիցիտային ապրանք։ Երբ սպառումն աճում է, շուկայի պահանջած ծավալով մատակարարում հնարավոր չէ իրականացնել։ Բնականաբար առաջանում է պակաս, և գինը բարձրանում է», — ասել է ասոցիացիայի նախագահը։
Նրա խոսքով՝ Վրաստանը հեղուկ գազի ներմուծման հարցում ամբողջությամբ կախված է Ռուսաստանից, ինչը լուրջ ռիսկեր է ստեղծում։
«Ցավոք, մենք գրեթե չունենք այլընտրանքային աղբյուրներ։ Կա Ղազախստանը, սակայն այն չունի այնքան արտահանման ծավալ, որ կարողանա բավարարել նաև Վրաստանի պահանջարկը։ Երկրորդ խնդիրը ենթակառուցվածքներն են. մենք չունենք ծովով ներմուծման հնարավորություն։ Արդյունքում ամբողջությամբ կախված ենք Ռուսաստանից, ինչը մեծ ռիսկ է ինչպես մրցակցության, այնպես էլ էներգետիկ անվտանգության տեսանկյունից»։
Նրա գնահատմամբ՝ առաջիկա ամիսների կանխատեսումները նույնպես լավատեսական չեն։ Բացի դեֆիցիտից և պատերազմից, գների վրա ազդում է նաև Ռուսաստանի սահմանած արտահանման մաքսատուրքը («պոշլինա»), որը կազմում է մոտ 130 ԱՄՆ դոլար մեկ տոննայի համար։ Բացի այդ, հունիսին և հուլիսին մի քանի խոշոր վերամշակող գործարաններ նախատեսված վերանորոգման պատճառով ժամանակավորապես դադարեցնելու են աշխատանքը, ինչը կկրճատի մատակարարումները։
«Մինչև սեպտեմբերի վերջ գները փուլ առ փուլ, փոքր չափերով, դեռ կբարձրանան։ Սա գրեթե ամեն տարի է տեղի ունենում, սակայն այս տարի լրացուցիչ գործոնները՝ գործարանների վերանորոգումն ու Ռուսաստանի ենթակառուցվածքների վրա ինտենսիվ հարձակումները, ավելի են ուժեղացնում ճնշումը»։
Գների բարձրացման վրա ազդում են նաև տեղական խնդիրները։ Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից նշանակված տուգանքների պատճառով հեղուկ գազի մի շարք լցակայաններ արդեն փակվել են։ Խոփերիայի խոսքով՝ սա ևս մեկ ծանր հարված է ոլորտի համար։
«Սա հեղուկ գազի ոլորտի վրա լրացուցիչ ճնշում է։ Լցակայանների մի մասը փակվել է, իսկ մյուսները շարունակում են աշխատել՝ արդեն տուգանված լինելով։ Հարցը քննարկվում է քաղաքապետարանում, և մենք սպասում ենք պատասխաններին, որից հետո վերջնական որոշումներ կկայացվեն։ Այս պահին մայրաքաղաքը վառելիքով մատակարարվում է անխափան, սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ», — ասել է Նիկա Խոփերիան BMG-ին։
Թբիլիսիում հեղուկ գազի որոշ լցակայաններ փակվել են այն բանից հետո, երբ քաղաքապետարանը սկսել է տուգանել վաճառքի կետերին։ 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել նոր կարգ, որը վերաբերում է օգտագործված անվադողերի, սև և գունավոր մետաղների ջարդոնի, շահագործումից դուրս եկած տրանսպորտային միջոցների և դրանց մասերի, ինչպես նաև հեշտությամբ բռնկվող, պայթուցիկ կամ փխրուն նյութերի տեղադրմանն ու վաճառքին։ Նոր կանոնակարգը Թբիլիսիի որոշ տարածքներում արգելում է նաև այդ ապրանքների վաճառքը, իսկ խախտման դեպքում սահմանված տուգանքը դարձել է հինգ անգամ ավելի բարձր։

