
Վրաստանում միջին ջերմաստիճանը ամռան ընթացքում փոքր-ինչ բարձր կլինի, իսկ տեղումները՝ նորմայից պակաս կամ նորմայի սահմաններում,– այս մասին հայտարարել է Շրջակա միջավայրի ազգային գործակալության կլիմայի վարչության բաժնի ղեկավար Խաթունա Քոքոսաձեն։
Նրա խոսքով՝ ամռանը, առանձին ժամանակահատվածներում, հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում դաշտավայրերում և ցածրադիր վայրերում մինչև +39, +42 աստիճան, լեռնային գոտում՝ +37, +40 աստիճան, իսկ բարձրալեռնային գոտում՝ +33, +37 աստիճան։
«Ամառային ժամանակահատվածում հնարավոր են ամռանը բնորոշ երևույթներ, ինչպիսիք են՝ երաշտը, ջերմային ալիքները, իսկ առանձին ժամանակահատվածներում հնարավոր են նաև ուժեղ տեղումներ»,- հայտարարել է Շրջակա միջավայրի ազգային գործակալության կլիմայի վարչության բաժնի ղեկավարը։