Ուկրաինան 5,9 միլիարդ եվրոյի վարկով չինական ԱԹՍ-ների պահեստամասեր կգնի

Ուկրաինան 5,9 միլիարդ եվրոյի վարկով չինական ԱԹՍ-ների պահեստամասեր կգնի

Եվրահանձնաժողովը թույլատրել է Ուկրաինային Եվրամիության տրամադրած ռազմական վարկի մի մասը օգտագործել չինական արտադրության անօդաչու թռչող սարքերի պահեստամասեր ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնում է The Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Խոսքը 60 միլիարդ եվրո ընդհանուր ծավալով պաշտպանական վարկի առաջին՝ 5,9 միլիարդ եվրոյի տրանշի մասին է։
Գործող կանոններով՝ այդ միջոցներով Կիևը կարող է ձեռք բերել այնպիսի սպառազինություն, որի արտադրության հիմնական մասը պատկանում է Եվրամիության, Կանադայի կամ Մեծ Բրիտանիայի ընկերություններին։ Այլ երկրների արտադրողների մասնաբաժինը գնումներում սովորաբար չպետք է գերազանցի 35 տոկոսը։
Սակայն նախատեսված են բացառություններ այն դեպքերի համար, երբ անհրաժեշտ ռազմական արտադրանքը նշված երկրներում չկա կամ արտադրվում է անբավարար քանակով։
Հենց այս հիմքով էլ Ուկրաինան դիմել է Եվրահանձնաժողովին՝ խնդրելով թույլ տալ 5,9 միլիարդ եվրոյի վարկից մի մասը ծախսել չինական արտադրության անօդաչու թռչող սարքերի որոշ բաղադրիչների գնման վրա։Եվրահանձնաժողովն ու Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը չեն մեկնաբանել հրապարակված տեղեկությունը։

The Financial Times-ը նշում է, որ այս որոշումը ցույց է տալիս՝ ԵՄ ռազմական արդյունաբերությունը դեռևս ունի արտադրական հնարավորությունների պակաս, չնայած Բրյուսելի ջանքերին՝ Ուկրաինային զենքի մատակարարումների միջոցով զարգացնել եվրոպական պաշտպանական ոլորտը։