Նինոծմինդայի զբոսաշրջային ներուժը դեռևս լիովին չի օգտագործվում

Նինոծմինդայի զբոսաշրջային ներուժը դեռևս լիովին չի օգտագործվում

Չնայած հարուստ բնական և մշակութային ռեսուրսներին, Նինոծմինդայի մունիցիպալիտետը դեռևս մնում է Վրաստանի ամենաքիչ այցելվող զբոսաշրջային ուղղություններից մեկը։ Մինչդեռ հենց այստեղ են գտնվում երկրի ամենամեծ լիճը, եզակի բարձրալեռնային բնապատկերներ, հնագույն ամրոցներ և ինքնատիպ էթնոմշակութային հուշարձաններ։ Մասնագետների կարծիքով՝ հիմնական խնդիրը ոչ թե տեսարժան վայրերի պակասն է, այլ այն, որ դրանց ներուժն օգտագործվում է միայն մասնակիորեն։

Նինոծմինդայի մունիցիպալիտետը գտնվում է Ջավախք պատմական տարածաշրջանում՝ Վրաստանի հարավում։ Նրա գլխավոր առավելություններն են բարձրալեռնային հրաբխային սարահարթերը, լճերը, հարուստ կենսաբազմազանությունն ու պահպանված մշակութային ժառանգությունը։ Տարածաշրջանն ունի բոլոր նախադրյալները էկոլոգիական, մշակութային, ազգագրական և գաստրոնոմիական զբոսաշրջության զարգացման համար։

Հիմնական բնական տեսարժան վայրերից են բարձրալեռնային լճերը։ Այստեղ են գտնվում Վրաստանի ամենամեծ լիճը՝ Փարվանա լիճը, ինչպես նաև Խանչալի, Մադաթափա, Բուղդաշեն, Սաղամո և այլ լճեր։ Դրանք զբոսաշրջիկներին գրավում են իրենց գեղատեսիլ բնությամբ, բնության գրկում հանգստանալու և վայրի կենդանական աշխարհը դիտելու հնարավորություններով։

Առանձնահատուկ նշանակություն ունի Մադաթափա լիճը, որը միջազգային կարևորություն ունի որպես թռչունների բնակության և միգրացիայի վայր։ Սա լավ հնարավորություններ է ստեղծում թռչնադիտարկման զբոսաշրջության, լուսանկարչական տուրերի և էկոլոգիական էքսկուրսիաների զարգացման համար։

Տեղական զբոսաշրջության փորձագետ Վաղարշակ Շահբեկյանի խոսքով՝ արդեն այսօր լճերի շուրջ կարելի է ձևավորել լիարժեք զբոսաշրջային ծրագրեր։ Սակայն կա մեկ կարևոր խնդիր։

«Կարող են կազմակերպվել լճային տուրեր, կան մարդիկ, որոնք մայիսից սկսած կազմակերպում են թռչունների դիտարկում։ Բայց ամբողջ ներուժը չի օգտագործվում։ Նինոծմինդայում զբոսաշրջությամբ զբաղվողները շատ փակ են աշխատում։ Միշտ առանձնացնում են Ախալքալաքն ու Նինոծմինդան։ Ես կարծում եմ, որ Ջավախքի սարահարթը մեկ միասնական աշխարհագրական գոտի է, և տուրիստական ընկերությունները պետք է այնպես կազմակերպեն ծրագրերը, որ զբոսաշրջիկները այստեղ անցկացնեն առնվազն հինգ օր՝ մի քանի օր Ախալքալաքում, մի քանի օր՝ Նինոծմինդայում։ Այդ դեպքում նրանք կօգտվեն հյուրանոցներից, հյուրատներից և մյուս զբոսաշրջային ենթակառուցվածքներից։ Սակայն համագործակցության փոխարեն ոմանք տարածքը համարում են «իրենցը»։ Սա, իհարկե, խոչընդոտում է զբոսաշրջության զարգացմանը։ Զբոսաշրջիկին հետաքրքիր է այցելել տարբեր վայրեր, ծանոթանալ տարածաշրջանի բազմազանությանը և զգալ նրա մշակույթը»,– ասում է փորձագետը։

Էկոտուրիզմի զարգացման լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում հարևանությամբ գտնվող Ջավախքի ազգային պարկը։ Այստեղ կարելի է զարգացնել հետիոտնային և հեծանվային երթուղիներ, ձիարշավներ, քեմփինգ, կրթական ծրագրեր և լուսանկարչական տուրեր։ Բարձրալեռնային մարգագետինները, հրաբխային սարահարթերն ու լճային էկոհամակարգերը այս շրջանը դարձնում են գրավիչ այն ճանապարհորդների համար, ովքեր նախընտրում են հանգիստ հանգիստը՝ հեռու զանգվածային զբոսաշրջային երթուղիներից։

Ոչ պակաս կարևոր է մունիցիպալիտետի պատմամշակութային ներուժը։ Նրա տարածքում գտնվում են հնագույն Աբուլի և Շաորի ցիկլոպյան ամրոցները, որոնք հետաքրքրություն են ներկայացնում պատմության և հնագիտության սիրահարների համար։ Այս հուշարձանները կարող են ներառվել Կովկասի հնագույն քաղաքակրթություններին և Ջավախքի պատմությանը նվիրված զբոսաշրջային երթուղիներում։

Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում տարածաշրջանի ազգագրական ժառանգությունը։ Նինոծմինդան բազմազգ տարածք է, որտեղ երկար տարիներ պահպանվել են հայկական, վրացական և ռուսական համայնքների ավանդույթները։ Ամենահետաքրքիր վայրերից մեկը Գորելովկա գյուղն է, որը կապված է դուխոբորների պատմության հետ։

Դուխոբորները Ջավախք են տեղափոխվել XIX դարում, երբ Ռուսական կայսրությունը այս կրոնական համայնքի ներկայացուցիչներին վերաբնակեցրեց Հարավային Կովկաս։ 1840-ական թվականներին նրանք հիմնեցին մի շարք բնակավայրեր, որոնցից ամենահայտնին Գորելովկան էր։ Մինչ օրս այստեղ պահպանվել են ավանդական տները, կենցաղի տարրերը, խոհանոցի առանձնահատկություններն ու համայնքի մշակութային ավանդույթները, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում պատմությամբ և ազգագրությամբ հետաքրքրվող զբոսաշրջիկների համար։

Վաղարշակ Շահբեկյանի կարծիքով՝ յուրաքանչյուր բնակավայրի յուրահատկությունը կարող է դառնալ զբոսաշրջության զարգացման հիմքը։

«Տուրը կազմվում է զբոսաշրջիկների ցանկություններին համապատասխան՝ ինչ խոհանոց են ուզում փորձել՝ հայկական, վրացական թե ռուսական, որտեղ են ցանկանում մնալ, ինչով կարելի է նրանց հետաքրքրել։ Յուրաքանչյուր գյուղ ունի իր ինքնատիպությունը, և հենց դա կարող է գրավել զբոսաշրջիկներին։ Սակայն տեղական ընկերությունների մեծ մասը զբաղվում է արտագնա զբոսաշրջությամբ՝ մարդկանց տանում են Հայաստան, Թուրքիա կամ Վրաստանի այլ շրջաններ, այլ ոչ թե զբոսաշրջիկներ բերում այստեղ։ Արդյունքում գումարները մնում են այլ վայրերում։ Դա տեղի է ունենում փորձի պակասի պատճառով։ Անհրաժեշտ է մասնակցել զբոսաշրջային ցուցահանդեսների, կազմակերպել միջոցառումներ և ավելի ակտիվորեն ներկայացնել տարածաշրջանը»,– նշում է նա։

Հեռանկարային ուղղություններից մեկը կարող է դառնալ նաև գաստրոնոմիական զբոսաշրջությունը։ Ջավախքի ավանդական խոհանոցը, տեղական կաթնամթերքը, տնային թխվածքներն ու փոքր ֆերմերային տնտեսությունների արտադրանքը կարող են դառնալ զբոսաշրջային երթուղիների կարևոր բաղադրիչ և միաժամանակ աջակցել ընտանեկան բիզնեսի զարգացմանը։

Չնայած բոլոր առավելություններին՝ տարածաշրջանի զբոսաշրջային ոլորտը բախվում է մի շարք լուրջ խնդիրների։ Դրանց թվում են հյուրանոցների և հյուրատների անբավարար թիվը, առանձին տեսարժան վայրերի սահմանափակ տրանսպորտային հասանելիությունը, մասնագետների պակասը և մունիցիպալիտետի ոչ բավարար առաջխաղացումը զբոսաշրջային շուկայում։

Ինչպես նշում է Վաղարշակ Շահբեկյանը, գլխավոր պատճառներից մեկը հյուրընկալության ոլորտի զարգացման նկատմամբ համակարգված մոտեցման բացակայությունն է։

«Մեզ մոտ ընդունված չէ որևէ բան անել մասնագիտական մոտեցմամբ։ Մարդիկ ամեն ինչ անում են ինտուիտիվ։ Չեն ներդնում գիտելիք, մշակույթ, պատմություն, չեն մտածում դիզայնի մասին։ Ինչ-որ տեղ ինչ-որ բան են տեսնում և նույն ձևով կառուցում հյուրանոցներ, սրճարաններ կամ ռեստորաններ։ Մինչդեռ կան չափանիշներ, որոնք պետք է ուսումնասիրել։ Նախկինում անցկացվում էին դասընթացներ, ձեռնարկատերերին սովորեցնում էին հյուրանոցային բիզնեսն ու սպասարկումը։ Ցավոք, այսօր այդ ամենին գրեթե ոչ ոք ուշադրություն չի դարձնում»,– ասում է փորձագետը։

Նրա կարծիքով՝ զբոսաշրջության զարգացումն անհնար է առանց բիզնեսի, մունիցիպալիտետների և տեղական բնակիչների համագործակցության։ Միայն համալիր մոտեցումը թույլ կտա բնական տեսարժան վայրերը, պատմամշակութային հուշարձանները, ազգագրական ժառանգությունն ու տեղական խոհանոցը միավորել մեկ ամբողջական զբոսաշրջային առաջարկի մեջ։

Նինոծմինդայի մունիցիպալիտետն ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու Հարավային Վրաստանի էկոլոգիական և մշակութային զբոսաշրջության կարևոր կենտրոններից մեկը։ Սակայն դրա համար անհրաժեշտ են ներդրումներ ենթակառուցվածքներում, մասնագետների պատրաստում, փոքր բիզնեսի աջակցություն և տարածաշրջանի ավելի ակտիվ առաջխաղացում։ Եթե այս պայմանները կատարվեն, Ջավախքը կարող է դառնալ մի վայր, որտեղ զբոսաշրջիկները կանցկացնեն ոչ թե մի քանի ժամ, այլ մի քանի օր՝ բացահայտելով տարածաշրջանի հարուստ բնությունը, պատմությունն ու մշակույթը։