
Սեպտեմբերի 1-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարվանա գյուղում տեղի ունեցավ գյուղի գազիֆիկացման պաշտոնական բացման արարողությունը։ Տարիներ շարունակ սպասված բնական գազը հասավ Փարվանա, ինչը գյուղի բնակիչների համար կարևոր և պատմական նշանակություն ունեցող իրադարձություն է։
Միջոցառմանը ներկա էին «SJGC» ընկերության սեփականատեր Վիլեն Ղազարյանը, «SJGC» գազաբաշխիչ ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանը, ընկերության աշխատակիցներն ու ինժեներները, Փարվանա գյուղի բնակիչների մեծ մասը Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը, փոխքաղաքապետ Վահագն Դարբինյանը, գյուղապետ Մասիս Աղայանը։
«SJGC» գազաբաշխիչ ընկերության աշխատակիցները տեղում իրականացրեցին գազի միացման համար անհրաժեշտ աշխատանքները։
Գազի միացման խորհրդանշական արարողությունը կատարեց «SJGC» ընկերության սեփականատեր Վիլեն Ղազարյանը։ Բացման արարողությունը ուղեկցվեց երգով և պարով, իսկ գյուղացիները մեծ ոգևորությամբ ու ուրախությամբ սպասում էին այդ պահին։
Փարվանա գյուղի բնակիչ Կարեն Մկրտչյանը NOR-ի հետ զրույցում նշեց, որ բնակիչները գազիֆիկացման համար անհրաժեշտ գումարը մեծ ոգևորությամբ հավաքել են ընդամենը 10 օրվա ընթացքում։
«Ընդամենը 10 օրում կարողացանք հավաքել անհրաժեշտ միջոցները։ Եղել են մարդիկ, ովքեր նույնիսկ իրենց անասուններն են վաճառել, որպեսզի կարողանան ունենալ բնական գազ։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին այս կարևոր գործին։ Մենք անգամ չէինք հավատում, որ սա իրականություն կդառնա, սակայն այսօր տեսնում ենք, որ գազն արդեն հասել է գյուղ»,- նշեց Կարեն Մկրտչյանը։
Ավելացնենք՝ Գազիֆիկացման աշխատանքները սկսելու համար յուրաքանչյուր բնակիչ՝ որպես բաժանորդ, ընկերությանը վճարել է 2 300 լարի։ Տների ներքին ցանցի մոնտաժման և գազի վերջնական միացման համար յուրաքանչյուր տնտեսություն լրացուցիչ կվճարի 400 լարի։
«SJGC» գազաբաշխիչ ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանն իր հերթին տեղեկացրեց, որ Փարվանայի գազիֆիկացման աշխատանքների համար հատկացվել է 746 հազար լարի։
«Գազիֆիկացման աշխատանքների համար հատկացվել է 746 հազար լարի։ ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Այս ընթացքում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, որոնցում ներգրավված են եղել բազմաթիվ աշխատակիցներ և ինժեներներ։ Անվտանգության բոլոր անհրաժեշտ նորմերը պահպանվելուց հետո վաղվանից հնարավոր կլինի սկսել ամբողջ գյուղի բնական գազի մատակարարումը»,- նշեց Վրեժ Բերիկյանը։
«SJGC» ընկերության սեփականատեր Վիլեն Ղազարյանը նշեց, որ Փարվանա գյուղի գազիֆիկացման աշխատանքներում ներգրավված էր շուրջ 50 աշխատակից, ովքեր մեծ նվիրվածությամբ և պատասխանատվությամբ իրականացրել են աշխատանքները։ Ղազարյանի խոսքով՝ այն տունը, որտեղ առաջինը եղավ բնական գազի միացումը, մինչև հունվար ամիսը կլինի անվճար։
Գյուղապետ Մասիս Աղայանի խոսքով՝ Փարվանայի գազիֆիկացումը պատմական նշանակություն ունեցող իրադարձություն է գյուղի համար։
«Բնակիչների, գազամատակարարող ընկերության և մունիցիպալ ղեկավարության համատեղ աշխատանքի արդյունքում կարողացանք կազմակերպել բնական գազի մատակարարումը Փարվանա գյուղ և ցանկանում եմ, որ բոլոր այն գյուղերը որտեղ չկա գազամատակարարում նույնպես ունենան»,– նշեց Մասիս Աղայանը:
Փարվանա գյուղի բնակիչներին շնորհավորական խոսքը ուղեցին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը և Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը։ Նրանք ընդգծեցին, որ բնական գազի հասանելիությունը գյուղի համար կարևոր ենթակառուցվածքային ձեռքբերում է և նոր հնարավորություններ է ստեղծում բնակիչների համար։
Փարվանա գյուղի բնակիչների խոսքով՝ նրանք մինչև վերջ չէին հավատում, որ, ի վերջո, բնական գազ կունենան։ Նշենք, որ գյուղի բնակիչները բազմիցս դիմել են NOR-ին՝ գյուղում առկա խնդիրների վերաբերյալ։ Տված հարցազրույցներում բնակիչները որպես ամենակարևոր և առաջնահերթ խնդիր մշտապես առանձնացրել են գազի հարցը՝ ընդգծելով գյուղի գազաֆիկացման անհրաժեշտությունը։
Մանրամասները տեսանյութում․
Ինչ վերաբերվում է Գորելովկա գյուղի գազամատակարարման մասին ռադիոկայանը զրույց ունեցավ «SJGC» գազաբաշխիչ ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանի հետ։

