
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարվանա գյուղի բնակիչ Կարեն Մկրտչյանը ասֆալտապատման և գազաֆիկացման իրականացմանը զուգահեռ բարձրաձայնում է նաև կարևորագույն խնդրի մասին՝ գյուղի դպրոցի անմխիթար վիճակի մասին։ Դպրոցն արդեն երկու տարի է՝ փակ է, ինչն այսօր գյուղի բնակիչների համար լուրջ սոցիալական և ժողովրդագրական խնդիրներ է առաջացրել։ Դպրոցի բացակայությունը հատկապես դժվարացնում է երեխաների կրթության հասանելիությունը և ազդում գյուղում բնակչության պահպանման ու ապագայի վրա։
«Մենք լավ երեխաներ և լավ աշակերտներ ունենք՝ մոտ 60 աշակերտ։ Նրանք պետք է ունենան հարմարավետ պայմաններ և որակյալ կրթություն, որպեսզի հետագայում դառնան հանրօգուտ մասնագետներ։ Նրանք մեր ապագան են։ Դպրոցը շատ կարևոր է թե՛ մեր բնակչության, թե՛ գյուղի երեխաների համար ։Մենք՝ որպես ծնողներ, ցանկանում ենք, որ մեր երեխաները լավ կրթություն ստանան և հետագայում ճիշտ ճանապարհով գնան։ Շատ շնորհակալ ենք մեր ղեկավարներին գազաֆիկացման և ասֆալտապատման համար։ Բայց եթե այս դպրոցի հարցը չլուծվի, մենք լիարժեք վստահություն և հույս չենք ունենա, որ կարող ենք գումար ծախսել մեր տների կամ այլ անհրաժեշտությունների վրա»,-ասում է բնակիչ Կարեն Մկրտչյանը։
«Առանց դպրոցի գյուղ չկա»․ Փարվանայի բնակիչը դպրոցի առնչությամբ դիմում է Նինոծմինդայի ղեկավարներին
Դպրոցների խնդրի վերաբերյալ ավելի վաղ զրույց էինք ունեցել Նինոծմինդայի քաղաքապետ Անիվար Մոսոյանի հետ, ով նշեց որ հատկապես Ժդանովականի և Փարվանայի դպրոցների հարցը բազմիցս բարձրաձայնել և ներկայացրել են համապատասխան կառույցներին։
Քաղաքապետը նշեց, քանի որ այս գյուղերը Նինոծմինդայից ավելի հեռու են գտնվում և առավել խիստ ու բարդ կլիմայական պայմաններում գտնվող գյուղեր են, ինչն ավելի հրատապ է դարձնում տվյալ դպրոցների հարցի լուծումը։ Այս հարցի վերաբերյալ քաղաքապետը զրուցել է Վրաստանի կրթության և գիտության նախարարի հետ։ «Ես ունեմ տղեկություն որ եթե մունիցիպալիտետում նոր դպրոցների կառուցման ծրագիր իրականացվի, ապա առաջնահերթությունը կտրվի Ժդանովականի և Փարվանայի գյուղերի դպրոցներին»,- մեր հետ զրույցում նշել էր Անիվարդ Մոսոյանը։
Ավելի մանրամասն տեսանյութում՝

