
Նինոծմինդա քաղաքի Ազատության 54 բազմաբնակարան շենքի բնակիչները բարձրաձայնում են շենքի մի քանի խնդրի մասին, որոնցից մեկը էլեկտրահամակարգի հետ կապված խնդիրն է։ Բողոքը կայանում է նրանում, որ հաշվիչները տեղադրված են ցածր հատվածում, բնակչի պատուհանի տակ, որտեղ նաև գտնվում է գազի խողովակը։

Բնակիչների խոսքով հաշվիչների նման ցածր տեղադրումը վտանգավոր է հատկապես անձրևների, ձյան ու խոնավ եղանակի պայմաններում, որը կարող է առաջացնել կարճ միացում և վնասել երեխաներին։
«Խնդրում եմ այս բոլոր հաշվիչները տեղափոխեք։ Արդյո՞ք թույլատրելի է գազատար խողովակի մոտ տեղադրել հաշվիչներ, վտանգավոր է ամեն ինչին, բացի այդ, հաշվիչները տեղադրված են անմիջապես իմ պատուհանի տակ։ Ինչո՞ւ պետք է դրանք լինեն պատուհանիս տակ, իսկ մնացած շենքերում ներսում է ։ Անձրևի ժամանակ ջուրը կարող է հասնել հաշվիչին, ինչի հետևանքով կարող է առաջանալ կարճ միացում։ Այդ դեպքում կարող է վնասվել նաև իմ բնակարանը։ Երեխաները բակում խաղում են, կարող են մոտենալ կամ դիպչել հաշվիչներին, չհասկանալով, թե որտեղ կարող է լինել բաց կամ վտանգավոր էլեկտրական հոսանք»,- NOR-ի հետ զրույցում նշեց շենքի բնակիչ Գյուլիզար Մկրտչյան Հարությունյանը։
Այս խնդրի առնչությամբ դիմեցինք Նինոծմինդայի «Energo Pro Georgia»-ի մասնաճյուղ, որտեղից մեզ հայտնեցին, որ հաշվիչների տեղափոխումն այս պահին հնարավոր չէ, քանի որ բավարար թվով էլեկտրասյուներ չկան։
Ինչ վերաբերում է գազատար խողովակին, ընկերությունից պարզաբանեցին, որ հաշվիչների տեղադրման ժամանակ գազատար խողովակը դեռևս տեղադրված չի եղել։ Իսկ եթե այժմ խողովակը խանգարում է, ապա թող դիմեն գազմատակարար ընկերություն։

