Տեղումները վնասել են բերքը․ ինչպիսին էր գյուղատնտեսական տարին Նինոծմինդայի մունիցիպալիտետում

Տեղումները վնասել են բերքը․ ինչպիսին էր գյուղատնտեսական տարին Նինոծմինդայի մունիցիպալիտետում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի շարք գյուղերում ավարտին է մոտենում հացահատիկի բերքահավաքը։ Գյուղացիներն այս տարվա գյուղատնտեսական սեզոնը դժվար ու անկանխատեսելի են համարում։ Նրանց խոսքով՝ թե՛ գարնանը, թե՛ աշնանը եղանակային պայմանները բազմաթիվ անակնկալներ են ստեղծել։

Բնակիչների խոսքով՝ հատկապես հացահատիկի բերքահավաքի ընթացքում տեղացած անձրևները, ուժեղ քամիներն ու կարկուտը վնասել են բերքը։ Որոշ դաշտերում հացահատիկի զգալի մասը թափվել է, ինչի հետևանքով սպասված բերքը չի արդարացրել գյուղացիների ակնկալիքները։

«Այս տարի եղանակային պայմանները անակնկալներով լի էին։ Ինչքան հիշում եմ՝ նման աշուն չենք ունեցել։ Մեզ մոտ և՛ խոտհունձը, և՛ գարին, և՛ ցորենը վատ եղանակային պայմաններում հավաքվեցին։ Անձրևի պակաս այս տարի չենք ունեցել։ Մեծ բերք էր սպասվում, բայց, եթե չեմ սխալվում, բերքի մոտ 65 տոկոսը թափվեց։ Հատկապես Հեշտիայի թեմում մեծ վնասներ եղան՝ անձրևների, քամու ու կարկուտի պատճառով»,– ասում է բնակիչը։

Նրա խոսքով՝ այժմ գյուղացիների հիմնական աշխատանքը տեղափոխվել է կարտոֆիլի դաշտեր, սակայն այստեղ ևս իրավիճակը հեշտ չէ։ Անձրևային եղանակը վնասել է նաև կարտոֆիլի բերքը։

«Հիմա կարտոֆիլի ժամանակն է։ Մեր գյուղի կարտոֆիլի մեծ մասը փչացած է, էլի անձրևային պայմանների պատճառով։ Հացահատիկի գները մոտավորապես այսպիսին են՝ գարին 60 թեթրի են վաճառում, ցորենը՝ 80 թեթրի։ Բայց կան մարդիկ, որոնք ասում են՝ այդ գներով իրենք վնասով են աշխատում»,– նշում է բնակիչը։

Գյուղացիների խոսքով՝ խնդիր է նաև վառելիքի թանկացումը։ Դրա հետևանքով, նրանց պնդմամբ, նվազել են նաև ցանքատարածությունները։ Բարձրացել են ինչպես դաշտը վարելու, այնպես էլ ցանելու և բերքը հավաքելու ծախսերը։

«Եթե այսպես վառելիքի գների բարձրացումը շարունակվի, գյուղացին չի ցանկանա ոչինչ վարել ու ցանել։ Ամեն ինչի գինն է բարձրանում, իսկ գյուղատնտեսական արտադրանքի գները նույն կերպ չեն աճում։ Թումանյանի մեծ խոսքը միշտ կա ու կա՝ գյուղացու հացը կախված է երկնքից»,– ասում է նա։

Մեկ այլ բնակիչ էլ նշում է, որ լավ բերքի դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվելը, իհարկե, կարող է ձեռնտու լինել, սակայն բերքը հավաքելու գործընթացն ինքնին բազմաթիվ դժվարություններ ունի։ Գյուղացիները հաճախ ստիպված են սպասել կոմբայնի հերթին, իսկ տեխնիկայի հասանելիությունը բոլորի համար նույնը չէ։

«Եթե բերքը լավ լինի, իհարկե, գյուղացուն ձեռնտու կլինի։ Բայց գյուղում կոմբայն ենք փնտրում, չկա։ Մեկին հասնում է, մեկին՝ ոչ։ Հետո բերքը պետք տուն բերել , փռել, չորացնել։ Եթե եղանակները վատանան, նորից դրսից պետք է ներս բերես։ Ամեն ինչն էլ խնդիր է, ամեն ինչի համար պետք է պատրաստ լինես»։

Նախկինում գյուղատնտեսական աշխատանքների մի մասը կազմակերպվում էր կոլտնտեսությունների միջոցով, մինչդեռ այսօր գյուղացին գրեթե բոլոր գործընթացները ստիպված է ինքնուրույն կազմակերպել։

«Առաջ կոլխոզ էր, կոլխոզն ուներ հատուկ տարածք, հատուկ աշխատողներ։ Հիմա բոլոր գործերը դու ինքդ պետք է անես։ Մարդիկ իրենց ընտանիքներով են կատարում աշխատանքները։ Կոմբայնն էլ այնպես են թանկացրել, որ ամեն գյուղացի չի կարող իրեն թույլ տալ»,– նշում է NOR-ի զրուցակիցներից մեկը։

Այսպիսով, Նինոծմինդայի գյուղերում հացահատիկի բերքահավաքը մոտենում է ավարտին, սակայն գյուղացիների առջև շարունակում են մնալ մի շարք խնդիրներ՝ եղանակային անկանխատեսելի պայմաններից ու բերքի կորուստներից մինչև վառելիքի, տեխնիկայի և գյուղատնտեսական աշխատանքների բարձր ծախսեր։

Radio NOR · Բերքահավաք