
Մինսկում Ռուսաստանի հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Գիորգի Զուրաբաշվիլիի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի բանակցությունները չեն հանգեցրել գործող սահմանափակումների վերացմանը։
Զուրաբաշվիլին ակնկալում էր հասնել վրացական յոթ ընկերությունների նկատմամբ սահմանված սահմանափակումների վերացմանը, սակայն դրա փոխարեն տեղեկացել է ևս երկու արտադրողի նկատմամբ լրացուցիչ միջոցներ կիրառելու Մոսկվայի մտադրության մասին։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը սահմանափակումների տակ հայտնված ընկերությունների կողմից խախտումներ կատարելու որևէ ապացույց չի ներկայացրել։
Դիվանագետը վրացական գինու վերադարձը ռուսական շուկա համարել է սկզբունքային հարց և հերքել այն պնդումները, թե արտադրողները ֆինանսավորում են Ուկրաինային կամ հակառուսական քարոզչություն իրականացնում։
Միևնույն ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Թբիլիսիի հետ գործնական հարաբերությունների զարգացման հարցում Մոսկվայի շահագրգռվածության մասին՝ ընդգծելով երկու երկրների միջև վերսկսված ուղիղ երկխոսության կարևորությունը։

