
Նոյեմբերի 26-ի գիշերը Վրաստանի արևմտյան մասում գտնվող Ցագերի մունիցիպալիտետի Լայլաշի գյուղում տեղի է ունեցել սողանք, որի հետևանքով վնասվել է 17 բնակելի շենք։ Այս մասին հայտնել է Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Համապատասխան ծառայությունները տարհանել են բնակիչներին աղետի գոտուց։ Զոհեր չկան։
Գործակալության տվյալներով՝ տարածաշրջանում վերջերս տեղացած ուժեղ անձրևները հանգեցրել են մեծ սողանքային զանգվածի որոշակի հատվածների ակտիվացմանը, որոնք նախկինում ժամանակավորապես կայունացված էին։
Այսօր առավոտից գործակալության երկրաբանները գնահատում են տարածքը, վնասված տները և այգեգործական հողամասերը և շարունակում են մոնիթորինգ իրականացնել աղետի գոտում։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ գյուղում մոբիլիզացվել են նաև Վրաստանի Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումներ։
Գործակալությունը նշել է, որ մասնագետները նախկինում ստուգել են Լայլաշիի ենթակառուցվածքային օբյեկտները և այգեգործական հողամասերը և տվել համապատասխան առաջարկություններ։

