Թումանյան և Կամո փողոցների բնակիչները բողոքում են խմելու ջրի բացակայությունից

Թումանյան և Կամո փողոցների բնակիչները բողոքում են խմելու ջրի բացակայությունից

Նինոծմինդա քաղաքի Թումանյան և Կամո փողոցների բնակիչները դիմել էին NOR ռադիոկայանին, որ արդեն 4 օր է ինչ զրկված են խմելու ջրից:

՛՛Գոնե օրվա մեջ մի քանի ժամով վերականգնեն ջրամատակարարումը: Տարվա այս եղանակին չափազանց դժվար է ապրել առանց ջրի, հատկապես երբ տանը փոքրիկ երեխաներ կան՛՛,-բողոքում են բնակիչները, ովքեր ստիպված խմելու ջուր են կրում հարևանների տներից:

Բնակիչներից Իրինան նշում է, որ խմելու ջուրը բերում են հեռու տներից, որը չի բավարարում լողանալուն և լվացք անելուն:

Բնակիչները նաև զանգահարել են Թբիլիսիում գտնվող Վրաստանի ջրամատակարարող ընկերության թեժ գծին, որտեղից ստացել են պատասխան, որ կտեղեկացնեն խնդրի մասին տեղական ծառայությանը: Սակայն բնակիչները նշում են, որ դեռևս ոչ մի արձագանք չի եղել:

Բնակիչները նաև իրենց խոսքում նշում են, որ թող տեղադրվեն հաշվիչներ, բայց գոնե ունենան բնականոն ջրամատակարարում:

Խմելու ջրի անբավարարության խնդիրը Նինոծմինդա քաղաքի առջև ծառացած է արդեն մի քանի տարի, չնայած որ Հեշտիայից եկող ջրագիծը ևս միացվել է Նինոծմինդա քաղաքին, սակայն խնդիրը շարունակում է մնալ ակտուալ:

Նինոծմինդա քաղաքի Ջրամատակարարող ընկերության ղեկավար Արզուն Գորոյանն էլ նշեց, որ ջրի բացակայության պատճառը չորային եղանակն է, ըստ այդմ էլ ջրամատակարարումը իրականացվում է խիստ գրաֆիկով:

Մանրամասները լսեք նյութում.