Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդու՝ Ցոտնե Գամսախուրդիայի առողջական վիճակը բարելավվում է: Գամսախուրդիա ընտանիքը մտադիր է նրան տեղափոխել արտերկիր՝ վերականգնողական կուրսեր անցկացնելու համար:
Դեկտեմբերի 19-ին երեկոյան Թբիլիսիի կենտրոնում՝ իր տան մոտակայքում, մի քանի հոգի հարձակվել են Ցոտնե Գամսախուրդիայի վրա: Ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ Ցոտնեն դանակի հարվածներ է ստացել: Գամսախուրդիան մի քանի անհետաձգելի վիրահատության է ենթարկվել: Նա մինչ օրս վերակենդանացման բաժանմունքում է: Նրա վիճակը գնահատվում է իբրև կայուն: Համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել դրական դինամիկա: Այդուհանդերձ, առաջիկա օրերին կորոշվի նրան արտերկիր տեղափոխելու հարցը:
Հաղորդվում է, որ այս փուլում լրչացուցիչ վիրաբուժական միջամտության անհրաժեշտություն չի զգացվում: Ցոտնե Գամսախուրդիայի վրա հարձակման գործով ձերբակալվել է հինգ մարդ, նրանց մեղադրանք է առաջադրվել կանխամտածված սպանության փորձ կատարելու համար: