Հերոսների պատմությունը պատմում են թոռները / Մայիսի 9

Հերոսների պատմությունը պատմում են թոռները / Մայիսի 9

Լուսանկարում Վիլգեմ Պիճոյանի 91 ամյա քույրն է

Մայիսի 9 -ին լրացավ հայրենական մեծ պատերազմի 75 ամյակը:

Մեծ հաղթանակի 75 -ամյակի առիթով NOR ռադիոն զրուցել է Ջավախքում ապրող այն զավակների, թոռնիկների եւ հարազտների հետ, ովքեր ներկայացնում են իրենց նախնիների՝ հայրերի, պապերի իրական հերոսական պատմությունները։

Մեր նյութում անդրադառնում ենք Վիլգեմ Պիճոյանին եւ Արտաշես Գոմցյանին ովքեր ապրել են Հեշտիա գյուղում եւ մասնակից եղել հայրենական մեծ պատերազմին:

Վիլգեմ Պիճոյանը ծնվել է 1923 թվականին Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում: 1942 թվականն էր եւ գրեթե 1 տարի էր անցել հայրենական մեծ պատերազմի սկսվելուց: Այդ օրերին էլ լրացել էր Վիլգեմի 18 տարին, բանակ մեկնելու ժամանակն էր: Վիլգեմ Պիճոյանը միայն մի քանի ամիս մարտական նախապատրաստություն անցնլուց հետո, բախտի բերումով զինվորագրվում է 89 -րդ Հայկական հրաձգային դիվիզիային եւ կռվում նրա հետ մինչեւ մեծ հաղթանակը:

1989 թվականի մայիսի 23 -ին լույս տեսած «Արշալույս» թերթում պահպանվում է Վիլգեմ Պիճոյանի հարցազրույցը:

Հատված թերթից: «Վիլգեմ Պիճոյանը իր առջին մկրտությունը ստացավ ծովափնյա Նովոռոսիյսկ քաղաքի ազատագրման կռիվներում: Առաջին վերքն էլ ստացավ հենց այստեղ: 1943 թվականի աշնանը մասնակցեց Թամանյան թերակղզում ամրացված ֆաշիստական խմբավորման դեմ հարձակմանը: Արյան գնով ազատագրեցին Թաման քաղաքը: Հենց այստեղ էլ իրենց դիվիզիան արժանացավ «Թամանյան» պատվավոր անվանը: Մյուս լուրջ փորձությունը եղավ Կերչի նեղուցի անցումն ու համանուն քաղաքի գրավումը: Շատերը հերոսացան այստեղ: Իսկ ինքը պարգեւատրվեց Փառքի 3 -րդ աստիճանի շքանշանով: 1944 -ին Սեւաստոպոլի ազատագրումից հետո, Թամանայան դիվիզիան փոխադրվեց Բելոռուսական ռազմաճակատ: Արդեն մահվան աչքերին նայած, մարտերում կոփված զինվորը Ն.Սաֆարյանի հրամանատարությամբ մասնակցեց երկրի սահմանամերձ տարածքները թշնամուց մաքրելու հաղթարշավին: Հենակետ գրավեցին Օդերի Ֆրանկֆուրտ քաղաքի մատույցներում, որը ի պատիվ հայ ռազմիկների անվանվեց «Հայկական փոքր հող»: Այդ քաղաքի ազատագրման համար արժանացավ Կարմիր աստղի շքանշանի: Վիլգեմ Պիճոյանը մարտական ուղին ավարտեց Բեռլինի փողոցների մարտերում: «Քոչարի» պարեց ֆաշիզմի որջում: Թամանյան դիվիզիայի հետ նա անցավ 3700 կմ ռազմի ուղի: Մեծ հայրենականի ավարտից հետո նա Հեշտիա վերադարձավ մարմնին դաջված 7 վերքերով, կրծքին՝ երկու շքանշան ու բազմաթիվ մեդալներ»:

Վիլգեմ Պիճոյանի շքանշանները եւ մեդալները

Վիլգեմ Պիճոյանը մեր շարքերը լքել է 2004 թվականին

Ներկայացնում ենք մեկ այլ հերոսի մասին. Արտաշես Գոմցյանը ծնվել է 1918 թվականի հունվարի 13 ին նույնպես Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում:

Արտաշես Գոմցյանի թոռը՝ Սամվել Գոմցյանը մեզ հետ զրույցում պատմեց. «Պապիկս պատերազմ գնացել է 1941 թվականի հունիսի 15 -ին եւ կռվել է 2 տարի 10 ամիս 17 օր, մինչեւ 1944 թվականը: Վերջին կռիվը եղել է Կերչում, Սեւ ծովում: Նրա պատմելով իրենք չեն հասել Բեռլին: Սեւ Ծովից երբ արդեն պետք է տեղափոխեին այդ ժամանակ լսվում է, որ հաղթանակը տարել են ու բոլորին զորացրում են»:

Արտաշես Գոմցյանի շքանշանները եւ մեդալները

Արտաշես Գոմցյանը կնոջ՝ Ծովինարի հետ

Արտաշես Գոմցյանը ապրել է 93 տարի, լքելով մեր շարքերը 2011 թվականին

Մանրամասն «Վիլգեմ Պիճոյանի» եւ «Արտաշես Գոմցյանի» մասին, մեզ պատմում են նրանց հարազատները աուդիոձայնագրությունում.