Շուշին ուրիշի. Գայանե Մարիկյան

Շուշին ուրիշի. Գայանե Մարիկյան

NOR ռադիոն իր լսարանին է ներկայացնում Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի բնակիչ՝ Գայանե Մարիկյանի ստեղծագործությունը, որը նվիրված է սեպտեմբերի 27 -ին, ղարաբաղա֊ադրբեջանական հակամարտության ընթացքում նահատակված հերոս տղաների հիշատակին:

Ախ ոնց ուրացաք, խոստումները ձեր
Ու հեշտ հանձնեցիք, սուրբ հողերը մեր
Դեռ չէին սառել դիակները մեր,
Աթոռի կռիվ տվիք անհամբեր:

Առաջին թուրքը դուք ե՛ք, անկուշտներ,
Նահատակեցիք որդիներին մեր,
Հեռվից նայեցիք թե ի՞նչ կլինի
Թե որին, որքան ավար կհասնի:

Շուշիի դուռը, – բացեց Արթուրը
Որ հանի Նիկոլից, Սերժիկի մուռը
Ու հեչ վեջին չէ, ում մայրն է լալիս,
Թե ով է որդուն անհույս ման գալիս:

Ծովից – ծով էր Հայաստանս, վտակների բաժնեցիք
Զինվորն անհույս դիրքում կանգնած, դուք ձեր ուզածն արեցիք
Դիակները ցաքուցրիվ, մեկը չկա հավաքի
Մարդու պաշտպան Զոհրաբյանը, ցույց է տալիս ուժն բազկի:

Սփյուռքն ընկած սար ու ձոր
Օգնություն է աղերսում,
Իսկ դուք ներսում, աթոռ գրկած
Իրար ականջ եք մերսում:

Ես գիտեի դավաճաններ,
Որ ձեր ասածն է միշտ ճիշտ,
Հայ զինվորի աչքին արցունք
Իսկ հոգու մեջ՝ մի մեծ վիշտ:

Հպարտ էիք դուք ձեզ զգում
Երկիրն առանց ձեզ ընկավ,
Դուք պարզապես չկռվեցիք
Ինչ է, թե դուրս գաք արդար:

Ով է արդար, ով մեղավոր
Տեր Աստվածը դա գիտի,
Մեր վանքերը գերի ընկան
Բարձրյալը թող ձեզ դատի:

Ա՜խ ձեր անհագ ծարավն անգամ
Այդքանով չհագեցավ
Անվերջ նոր պաշտոն եք ուզում
Մեզ նվիրում դարդ ու ցավ:

Դուք մարեցիք հայ զինվորի
Վերջին հույսը դիրքերում
Զենքը նրան մարտում էր պետք
Դուք թռցնում եք ու բերում:

Տասնութ տարեկան զինվորը
Անզեն ի՞նչ անի մարտում,
Երկնքից կրակ է թափվում
Դեմից արկեր են պայթում:

Անկուշտ, ագահ ծախու շներ
Կանգնեիք դեմն ոսոխի,
Չծախեիք երկիրը մեր
Ազգանունով ծախողի:

Ա՜խ կորստի, ցավը մեծ է
Հայրենիքը գին չունի
Մնացել ենք անտուն ու տեղ
Նման անթեւ թռչունի:

Երազումս Անդրանիկն է
Գալիս, հույս տալիս գնում
Զենքը ձեռքին մեծ Մոնթեն է
Անխոս հեռվից մոտենում:

Ախ թե Աստված հարություն տար
Մեր քաջարի Նժդեհին,
Այդ ժամ գուցե վերջը կգար
Դավաճանների ցեղին:

Դուք նզովքի գերի դառնաք
Փողի գերիներ,
Հարստության դիմաց տվիք
Սուրբ հողերը մեր:

Խեղճ արցախցին հողին չոքած
Մխկտում է անիծում,
Թուրք ասկյարը կողքին կանգնած
Մեր նոր սահմանն է գծում:

Հայ զինվորը ոնց դիմանա,
Ա՜խ գիշերը ոնց քնի,
Այդքան արյուն տեսած հողը
Եղավ թուրքին արժանի:

Չհասցրեց խեղճ գյուղացին
Բերքահավաքն էլ անի,
Հայի ձեռքով աճեցրածը
Թուրքը կեր ու խում կանի:

Մեզ շատ հնուց է դեռ հասել
Այս խոսքերը շիփ – շիտակ
Թե որ ձեր մեջ ծախողներ կան
Ձեզ կիջեցնեն հողի տակ:

Ներսի թուրքը, ոնց չթողեց
Որ զինվորն առաջ գնա,
Իր ընկերոջ արյան դիմաց
Հաղթանակով տուն դառնա:

Կամավորը տունը թողած
Ռազմի դաշտ էր շտապում,
Ծախողների խումբը կանգնած
Նրանց տուն էր հետ ճամփում:

Ախ Աստված իմ ի՞նչ արեցին
Հպարտ Արծրունին,
Նրան տվին թուրքի թույնը
Իրենք խմեցին գինին:

Աստված մեծ է, լավ իմացեք
Ձեր հերթն էլ կհասնի,
Այդ ձեր փորած փոսերի մեջ
Ձեզ էլ հաստատ տեղ կանի:

Ով ասում է պարտվել ենք
Սխալվում է չարեչար,
Շատ անխիղճ են մեր դեմ գործել
Մինսկի խումբը անարդար:

Ախ թե վերջը ի՞նչ կլինի
Վերջը դեռ չի երեւում
Մի բան պարզ է, որջ են դրել
Մեր մի կտոր սուրբ հողում:

Անցնելու է ամեն ինչ էլ,
Լինի դա լավ կամ թե վատ,
《Ախ երանի ով մարդ կգա,
Ու մարդ կերթա անարատ》:

Նյութում տեղ գտած հեղինակի մտքերը չեն խմբագրվում և կարող են չհամընկնել NOR ռադիոկայանի տեսակետների հետ։