Ջավախքում մարդիկ լուրջ ֆինանսական խնդիրներ ունեն, որովհետև հիմնական եկամուտի միջոցը եղել է արտագնա աշխատանքը. Արմեն Ավետիսյան

Ջավախքում մարդիկ լուրջ ֆինանսական խնդիրներ ունեն, որովհետև հիմնական եկամուտի միջոցը եղել է  արտագնա աշխատանքը. Արմեն Ավետիսյան

Իմ կարծիքով՝ ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան բացառապես օդային ճանապարհով և COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսը անցած լինելու պարագայում թույլատրելը բացառապես քաղաքական որոշում է։ Այս մասին ասաց «Ջավախք» հիմնադրամի տնօրեն Արմեն Ավետիսյանը։

«Վստահեցնում եմ, հենց Վրաստանին պետք լինի, որ Հայաստանից հայերը մեկնեն Վրաստան՝ անհամեմատ կհեշտանա Հայաստանի քաղաքացիների մուտքը Վրաստան։ Ընդ որում՝ հատկանշական է, որ Հայաստանի քաղաքացիները կարողանում են մեկնել Վրաստան, իսկ Վրաստանի քաղաքացուն թույլ չեն տալիս Վրաստանից դուրս գալու, սա բացարձակ չի տեղավորվում տրամաբանության սահմաններում։ Կարծում եմ, որ Հայաստանի արտաքին գերատեսչությունը այստեղ անելիք ունի, քանի որ Հայաստանի ապիկար իշխանության վարած քաղաքականության արդյունքում է, որ մենք այսօր այս իրավիճակում ենք։ Հայաստանում ստեղծված իրավիճակը պրոեկտվում է նաև Հայաստանից դուրս բնակվող հայերի, առաջին հերթին ջավախահայության վրա»։

Ավետիսյանի դիտարկմամբ՝ եթե որոշումը քաղաքական չլիներ, ապա Վրաստանը պետք է նաև փակ պահեր Թուրքիայի հետ սահմանը։ «Ինչի՞ համար է Թուրքիայի հետ սահմանը բաց, իսկ Հայաստանի հետ փակ, եթե բոլոր հարևանների հետ սահմանը փակ լինեի՝ տրամաբանական կլիներ, կասեինք՝ երկիրը ինքնամեկուսացել է, բայց այս իրավիճակում, երբ Հայաստանից 10-յակ անգամներ ավելի բնակչություն ունեցող երկրի հետ սահմանը բացում ես՝ Հայաստանի հետ սահմանն ի՞նչի չես բացում, հատկապես, որ Հայաստանի հետ սահմանակից շրջանները 95 տոկոսով բնակեցված են հայերով ու այդ մարդիկ ցանկություն ունեն գալ Հայաստան՝ իրենց առողջական խնդիրները լուծելու, կրթության խնդիրները լուծելու, Հայաստանով ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելու և իրենց կենսական եկամուտների հարցը լուծելու։ Իրականում հիմա Ջավախքում մարդիկ լուրջ ֆինանսական խնդիրներ ունեն, որովհետև մարդկանց հիմնական եկամուտի միջոցը եղել է ՌԴ-ում արտագնա աշխատանքը։ Հետևաբար, ես այստեղ բացառապես քաղաքական ենթատեքստ եմ տեսնում, առողջապահական որևէ պատճառ չեմ տեսնում։ Հատկապես, որ բոլորիս էլ հայտնի է, որ այսօր Վրաստանում էլ քովիդի տարածման ցուցանիշներով բավական ծանր իրավիճակ է։ Եթե սա արվեր 6-7 ամիս առաջ՝ տրամաբանական կլիներ, քանի որ Վրաստանում մահացության դեպքեր չկային, վարակվածության մակադակն էլ ցածր էր, իսկ հիմա այս իրավիճակն անտրամաբանական է»։armdaili.am