Ըստ Ցիցիշվիլիի մանկական նոր կլինիկայի տնօրեն Դավիթ Ռեխվիաշվիլիի, կլինիկայում գտնվող երեք վարակված նորածինների վիճակը ծանր է:
Ըստ նրա, այս երեք հիվանդներից մեկը Աբխազիայից տեղափոխված երեխա է, որի մոտ կորոնավիրուսի հնդկական շտամ է հաստատվել հատուկ «ՊՇՌ» թեստով:
Ըստ կլինիկայի, վերջնական պատասխանը հայտնի կդառնա ուսումնասիրությունների ավարտից հետո:
«Կլինիկայում հիվանդների մոտ 20-30 տոկոսը փոքր երեխաներ են: Այս հիվանդներից երեքը երկու ամսականից ցածր են, իսկ մեկը՝ տասն օրական: Երեքն էլ միացված են արհեստական շնչառության սարքին, ուստի նրանց վիճակը ծանր է: Ծանրությունը պայմանավորված է շնչառական համակարգի հետ կապված խնդիրներով: Սրանք կովիդի հետ կապված խնդիրներ են, չնայած այն չունի զանգվածային բնույթ: Փոքր երեխաներից և նորածիններից շատերն այս վարակը անցկացնում են առանց մեծ բարդությունների և մահացության: Ինչ վերաբերում է դելտա տարբերակին, նույն հնդկական շտամին, այն հաստատվել է նորածիններից մեկի մոտ հատուկ «ՊՇՌ» թեստի միջոցով, չնայած վերջնական պատասխանը դեռ չկա: Նախնական պատասխանի համաձայն, մեկ երեխայի մոտ (և ոչ բոլոր երեքը), որը Աբխազիայից տեղափոխված պացիենտ է, հաստատվել է դելտա շտամ: Ինչպես գիտեք, այնտեղ հիմնականում այդ շտամն է տարածված», – ասաց Ռեխվիաշվիլին:
Միևնույն ժամանակ, կլինիկայի տնօրենը Վրաստանի Առաջին ալիքին հայտնեց, որ կլինիկայում գտնվող ևս մեկ այլ երեխայի մոտ հաստատվել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամ:
«Երեքից մեկի մոտ հաստատվել է ալֆա՝ բրիտանական շտամ: Պնդել, որ երեքն էլ հնդկական ծագում ունեն, ճիշտ չէ: Համաձայն միջազգային ստանդարտի, ինչպես նախատեսված է մանկաբուժական հիվանդների մոտ, հետևում ենք «Կովիդ-19»-ի բուժման արձանագրությանը: Ցավոք, ինչպես գիտեք, կովիդի համար հատուկ բուժում գոյություն չունի և այն միայն սիմպտոմատիկ է, այնպես, ինչպես ընդունված է աշխարհում: Չենք կարող ասել, որ այս երեխաների վիճակի բարդությունը պայմանավորված է հետաձգված դիմելիությամբ: Այս հիվանդը բուժվում էր այլ կլինիկայում, իսկ հետո տեղափոխվեց մեզ մոտ: Ինչ վերաբերում է ուղեկցող հիվանդություններին, ապա այս հիվանդների մոտ դրանք չեն եղել, ուստի քրոնիկական կամ ծանրաբեռնված անամնեզով հիվանդներ չեն եղել: Բոլորը կենցաղային շփումներ են եղել», – ասաց Ռեխվիաշվիլին:1tv.ge