Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում փակվել են զանգվածային միջոցառումներ անցկացնող երեք հաստատություն, որոնք անտեսել են կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով կիրարկված արգելքները: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության Աշխատանքի տեսչական ծառայությունից:
Ինչպես նշվում է, փակված հաստատությունների շարքում է հայտնվել նաև «Sunset» ռեստորանը, որը գտնվում է Բաթումի քաղաքի առափնյա հատվածում:
«Սա երրորդ հաստատությունն է, որը վերջին 24 ժամվա ընթացքում փակվել է տեսչական մարմնի կողմից: Ընդհանուր առմամբ, մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ երկրում փակվել է 18 օբյեկտ», – հայտնում են գերատեսչությունից:
Ծառայությունը ևս մեկ անգամ կոչ է անում պահպանել հանձնարարականները: Գերատեսչությունից հավելում են, որ հակառակ դեպքում իրենք կձեռնարկեն օրենքով սահմանված միջոցառումները:
Վրաստանում կորոնավիրուսային համավարակի պատճառով արգելվում է հարսանիքներ, հոգեհացեր, մկրտություններ և ծննդյան օրեր նշել ավելի քան 10 մարդուց բաղկացած շրջապատում: Համաճարակաբանական իրավիճակի կտրուկ վատթարացման պատճառով օգոստոսի 10-ից այս սահմանափակման պահպանման նկատմամբ վերահսկողությունը խստացվել է, ընդլայնվել են աշխատանքի տեսչական մարմնի լիազորությունները:
Այժմ մարդաշատ միջոցառում կազմակերպած ֆիզիկական անձինք տուգանվում են 2 հազար լարիով, իսկ իրավաբանական անձինք՝ 10 հազար լարիով: Խիստ անհամապատասխանության դեպքում տեսուչները կարող են ռեստորանը կամ գիշերային ակումբը փակել, այնուհետև գործը փոխանցել ոստիկանություն` հետագա արձագանքի համար:jnews.ge