Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բնակչությանը կոչ է անում հարսանիքներ ու հոգեհացեր չկազմակերպել, քանի որ դրանք նպաստում են կորոնավիրուսի տարածմանը:
«Ուզում եմ կոչ անել բնակչությանը՝ 2-3 ամիս զերծ մնալ հարսանիքներ ու հոգեհացեր կազմակերպելուց»,- ասել է Ղարիբաշվիլին:
Վարչապետն այս հայտարարությունից մեկ շաբաթ առաջ բազմամարդ խնջույքի էր մասնակցել, որից հետո լուսանկարներ էին տարածվել։ Սոցիալական ցանցերում ու քաղհասարակության շարքերում քննարկման մեծ առիթ էր դարձել Ղարիբաշվիլիի ներկայությունը միջոցառմանը, որտեղ մեկ սեղանի շուրջ տասնյակ մարդիկ են հավաքված՝ բնականաբար առանց դիմակ ու առանց հեռավորություն պահպանելու: Քաղաքացիներին զայրացրել էր հատկապես այն, որ Ղարիբաշվիլին այսպիսով օրինակ է ծառայում բնակչության համար, ինչի հետեւանքով էլ՝ կորոնավիրուսով վարակման վիճակագրությունն օր օրի աճում է: Այն ժամանակ՝ օգոստոսի յոթին, գրանցվել էր վարակման 4216 դեպք ու 38 մահ։
«Հետո ինչ, որ քեֆ էի անում, քեֆը հանցա՞նք է»,- լրագրողների հարցին հաջորդ օրն այսպես էր պատասխանել Ղարիբաշվիլին:
Միջոցառումից երկու օր անց Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն հրաժարվել էր տեղի ունեցածը մեկնաբանելուց:
«Քաղաքական գնահատականներ չեմ տալիս»,- այսպես էր Գամկղրելիձեն պատասխանել լրագրողի հարցին, թե որքանով նպատակահարմար էր Ղարիբաշվիլիի այս քայլը:
Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան ևս հրաժարվել էր հարցին պատասխանելուց։
«Իմ սուբյեկտիվ կարծիքը չեմ բարձրաձայնի: Վարչապետն արդեն պատասխանել է այս հարցին»,- ասել էր Գաբունիան:aliq.ge