Վրաստանում ոստիկանը 14 անգամ կրակել է գործընկերոջ վրա

Վրաստանում ոստիկանը 14 անգամ կրակել է գործընկերոջ վրա

Սպանություն է տեղի ունեցել Խոբիի մունիցիպալիտետի Ճալադիդի գյուղի ոստիկանական բաժանմունքում։ Նախնական տեղեկություններով, սպանվել է ոստիկան։ Ըստ առկա տեղեկությունների, ոստիկանի վրա վարչության շենքում ատրճանակից կրակել է աշխատակիցը։ Դեպքին նախորդել է վիճաբանությունը: Kvira պորտալի հաղորդմամբ՝ զոհի մարմնի վրա եղել է հրազենային 14 վնասվածք։

Հաղորդվում է, որ մարդասպանն արդեն հանձնվել է Փոթիի ոստիկանություն։

Դեպքի վայրում մոբիլիզացված են իրավապահները, ինչպես նաև տեղում աշխատում են փորձագետ-քրեագետները, հայտնում է 1tv.ge-ն։

Վրաստանի դատախազությունը ներքին գործերի նախարարության, Խոբիի շրջանային բաժնի, Ճալադիդիի ոստիկանական բաժանմունքում կանխամտածված սպանության համար մեղադրանք է առաջադրել շրջանային տեսուչ-քննիչին։

Դատախազության կողմից իրականացված հետաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականի նոյեմբերի 5-ին, Խոբիի մունիցիպալիտետի Ճալադիդի գյուղում գտնվող, ՆԳ նախարարության Խոբիի շրջանային բաժնի Ճալադիդիի ոստիկանության բաժանմունքի շենքում մեղադրյալը կրակել է նույն բաժանմունքի թաղային ավագ տեսուչ-քննիչին, ով ստացած վնասվածքների հետևանքով մահացել է տեղում։

Ոստիկանությունը մեղադրյալին ձերբակալել է նույն օրը։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով (կանխամտածված սպանություն), որը որպես պատժի ձև նախատեսում է 7-ից 15 տարվա ազատազրկում»,- հայտնել են դատախազությունից։

Միևնույն ժամանակ գերատեսչությունից պարզաբանում են, որ դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում դիմելու է դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությամբ։