Էրդողանը խորհուրդներ է տվել Հայաստանին

Էրդողանը խորհուրդներ է տվել Հայաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Երեւանի համար կարեւոր է ճիշտ գնահատել հարաբերությունները բարելավելու հնարավորությունը։ Փոխանցում է РИА Новости-ն։

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա հունվարի 14-ին Մոսկվայում։ Հայաստանի հատուկ ներկայացուցիչն է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։

«Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանական հողերի ազատագրումից հետո Անկարան սկսեց Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Որպեսզի ձեռնարկված քայլերը տան ակնկալվող արդյունքները, կարևոր է, որ Հայաստանը ճիշտ գնահատի երկարաժամկետ խաղաղության հնարավորությունը>>,֊ հայտարարել է Թուրքիայի ղեկավարը հինգշաբթի օրը Անկարայի Չանքայա նստավայրում ԵՄ երկրների դեսպանների հետ հանդիպմանը։

Դեկտեմբերին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար կողմերը շուտով փոխադարձաբար կնշանակեն հատուկ բանագնացներ, կբացվեն նաև չարտերային թռիչքներ Երևանի հետ։ Նախարարը նշել է, որ Անկարան դիտարկում է թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը Ստամբուլ-Երևան-Ստամբուլ թռիչքների համար։ Իսկ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուն հայտարարել է, որ թուրքական Pegasus ավիաընկերությունը մոտ օրերս կսկսի թռիչքներ իրականացնել Ստամբուլի և Երևանի միջև։

Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերություններ չկան, երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրների միջև բարդ հարաբերությունների պատճառ են հանդիսանում մի շարք հանգամանքներ, որոնք վերաբերում են, մասնավորապես, Ղարաբաղի հարցում ադրբեջանական դիրքորոշմանը Անկարայի աջակցությանը և 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին Թուրքիայի սուր արձագանքին։