ՆԱՏՕ-ն լրացուցիչ ուժեր է ուղարկում Արևելյան Եվրոպա

ՆԱՏՕ-ն լրացուցիչ ուժեր է ուղարկում Արևելյան Եվրոպա

ՆԱՏՕ-ն լրացուցիչ նավեր ու կործանիչներ է ուղարկում ՆԱՏՕ-ի տեղակայմանն Արևելյան Եվրոպա՝ ուժեղացնելով պաշտպանությունը, քանի որ Ռուսաստանը շարունակում է իր ուժերի կուտակումը Ուկրաինայում և նրա շրջակայքում: Այս մասին նշվում է Հյուսիսատլանտյան դաշինքի կայքում տարածված հաղորդագրությունում։

«Անցած օրերին մի շարք դաշնակիցներ հայտարարություններ են արել ընթացիկ կամ առաջիկա տեղակայումների վերաբերյալ։ Դանիան ֆրեգատ կուղարկի Բալթիկ ծով և պատրաստվում է չորս F-16 կործանիչ տեղակայել Լիտվայում՝ ի աջակցություն տարածաշրջանում ՆԱՏՕ-ի երկարամյա օդային ոստիկանության առաքելության: Իսպանիան նավեր կուղարկի ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերին միանալու համար և դիտարկում է Բուլղարիա կործանիչներ ուղարկելու հնարավորությունը։ Ֆրանսիան իր պատրաստակամությունն է հայտնել ՆԱՏՕ-ի հրամանատարությամբ զորքեր ուղարկել Ռումինիա։ Նիդերլանդները ապրիլից երկու F-35 կործանիչ կուղարկի Բուլղարիա՝ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության գործողություններին աջակցելու համար, ինչպես նաև պատրաստության վիճակի է բերում նավ և ցամաքային ստորաբաժանումներ՝ ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի համար: Միացյալ Նահանգները նույնպես հստակեցրել է, որ դիտարկում է դաշինքի արևելյան հատվածում իր ռազմական ներկայությունը մեծացնելու հնարավորությունը»,- նշված է հաղորդագրության տեքստում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է այն, որ դաշնակիցները լրացուցիչ ուժեր են տալիս ՆԱՏՕ-ին։ Նա նշել է, որ դաշինքը կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ պաշտպանելու բոլոր դաշնակիցներին։