Թբիլիսիից Մոսկվա ուղիղ չվերթի բոլոր տոմսերը սպառվել են

Թբիլիսիից Մոսկվա ուղիղ չվերթի բոլոր տոմսերը սպառվել են

Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղիղ չվերթի բոլոր տոմսերը, որոնք կիրականացվեն հունվարի 28-ին, արդեն վաճառվել են, Sputnik Georgia-ին հայտնել է վրացական Georgian Airways ավիաընկերության ներկայացուցիչը։

Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթերի բացակայության դեպքում Georgian Airways-ը թույլտվություն է ստացել ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ երկու չարտերային չվերթ իրականացնել՝ հունվարի 8-ին և 28-ին։

«Այլևս հնարավոր չէ տոմսեր գնել: Բոլոր տոմսերը վաճառվել են, ուստի մենք հանել ենք տեղեկատվությունը համակարգից: Չվերթը կիրականացվի հունվարի 28-ին, ինչպես նախատեսված էր»,- հայտնել է Georgian Airways-ի ներկայացուցիչը։

Վրացական ավիաուղիների հիմնադիր Թամազ Գաիաշվիլին հայտնել է, որ Մոսկվա չվերթն իրականացվում է միանգամյա թույլտվության հիման վրա։ Նրա խոսքով՝ ավիաընկերությունը նախկինում նման թռիչքներ է իրականացրել նույնիսկ այն բանից հետո, երբ Ռուսաստանն արգելել է ուղիղ չվերթները դեպի Վրաստան։

«Չարտերային թռիչքներն իրականացվում են սովորականի պես, մենք դա արել ենք բազմիցս, այդ թվում՝ թռիչքների արգելքից հետո։ Դա տեղի է ունենում մեկանգամյա թույլտվության հիման վրա»,-ասել է Գաիաշվիլին։

Վրաստանի մայրաքաղաքից Մոսկվա տոմսերի արժեքը սկսվում է 718 լարիից (մոտ 240 դոլար)։ Հակառակ ուղղությամբ՝ 620 լարիից (մոտ 200 դոլար)։

Ինքնաթիռը կմեկնի Թբիլիսիի միջազգային օդանավակայանից տեղական ժամանակով ժամը 10:00-ին: Ինքնաթիռը Վնուկովո օդանավակայանում վայրէջք կկատարի Մոսկվայի ժամանակով 11:30-ին։ Հետ կթռչի Մոսկվայի ժամանակով 12:30-ին։ Թռիչքը կիրականացվի Boeing 737 ինքնաթիռով։