ՀՀ-ում ԱՊՊԱ–ն թանկանում է. որո՞նք են նոր սակագների լավ և վատ կողմերը

ՀՀ-ում ԱՊՊԱ–ն թանկանում է. որո՞նք են նոր սակագների լավ և վատ կողմերը

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն որոշում է կայացրել վերանայել ԱՊՊԱ-ի արժեքը, ինչի արդյունքում կբարձրացվեն բազային սակագները, ինչպես նաև փոփոխություններ կկատարվեն ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգում: Այս մասին հայտնում է Sputnik Armenia-ն։

Ինչպես նշվում է բյուրոյի հայտարարության մեջ, փոփոխությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, ինչպիսիք են վթարների թվի աճը և փոխհատուցման ծավալների ավելացումը, առավելագույն փոխհատուցման գումարի ավելացումը, ծառայությունների որակի բարձրացման ձգտումը: Որոշման վրա ազդել է նաև ավտոմեքենաների վերանորոգման արժեքի ավելացումը, պահեստամասերի թանկացումը և այլն։

Բյուրոյի հաղորդագրության համաձայն` ակտուարական հաշվարկները ցույց են տալիս, որ համակարգի կայունությունն ապահովելու համար հիմնական ապահովագրավճարը պետք է աճի տարեկան առնվազն 3000 ՀՀ դրամով (այդպիսով կազմելով 21.7 հազար դրամ), ճշգրտվեն ռիսկայնության գործակիցները և հաշվեկշռվեն բոնուսային և մալուսային վճարները։

Ինչպես հայտնի է, ավտոմեքենայի ապահովագրության վերջնական արժեքի հաշվարկման ժամանակ բազային գումարը բազմապատկվում է մի շարք գործակիցներով։ Դրանք են` վարորդի տարիքը, նրա փորձը, մեքենայի շարժիչի հզորությունը, օգտագործման ժամկետը, ապահովագրման ժամկետը, նախորդ ԱՊՊԱ վկայագրերի ձևակերպման ժամանակ կոպիտ խախտումների առկայությունը (կամ բացակայությունը), ինչպես նաև տարածքային գործակիցը և վերոնշյալ բոնուս-մալուս գործակիցը:

Համեմատության համար նշենք, որ ներկայումս 2012թ.-ի արտադրության (Հայաստանում մեքենաների գրեթե միջին տարիքն է), շարժիչի 2 լիտր ծավալով և 150 ձիաուժ հզորությամբ ավտոմեքենայի ապահովագրության համար 5 տարվա փորձ ունեցող վարորդը, վթարների բացակայության դեպքում, վճարում է 40-42 հազար դրամ։

Միաժամանակ, հասկանալով, որ հիմնական ապահովագրավճարի ավելացումը՝ ռիսկայնության գործակիցների ճշգրտմանը զուգահեռ, կարող է շատ կտրուկ անբարենպաստ հետևանքներ ունենալ վարորդների որոշակի հատվածի համար, որոշել է փոփոխել ապահովագրավճարների հաշվարկման մոտեցումը։

Ինչպես արդեն նշվեց, բազային սակագինը ներկայիս 18.7 հազար դրամի փոխարեն կդառնա 21.7 հազար դրամ։ Բայց այդ սակագինը գործում է հաճախորդի ապահովագրական պատմության առկայության դեպքում, իսկ նախորդ տարիներին ապահովագրական պայմանագրի բացակայության դեպքում կգործի 41 հազար դրամ միասնական սակագինը, բնականաբար, գումարած այն գումարը, որը հանվում է ռիսկի գործակիցների հաշվառման ժամանակ: Արդյունքում հաճախորդների հիմնական մասի համար վերջնական թանկացումը կկազմի 1500-3000 դրամ, միջին և բարձր ռիսկային գոտում գտնվող վարորդների համար սակագինը ավելի կբարձրանա:

Բյուրոն որոշել է վերանայել նաև բոնուս-մալուս համակարգի կիրառման մեթոդաբանությունը։ Նախկինում մալուսների քանակի որոշման հիմքում վարորդի մեղքով տեղի ունեցած ՃՏՊ–ների քանակն էր, այժմ քանակին կավելանա նաև փոխհատուցման չափը։

Նախկինում յուրաքանչյուր վթարի համար այն հաճախորդը, որի մեղքով տեղի էր ունեցել վթարը, ստանում էր 4 մալուսային դաս, որտեղ յուրաքանչյուր դասը 3 տոկոս ավելացնում էր ապահովագրության արժեքը։ Այլ կերպ ասած, եթե X վարորդը ապահովագրության համար վճարում է տարեկան 40 հազար դրամ, տարվա ընթացքում նրա մեղքով վթար է տեղի ունենում, ապահովագրական ընկերությունը հատուցում է Y վարորդին, ապա հաջորդ տարի առաջին վարորդը ստիպված էր վճարել 44.8 հազար դրամ։

Հիմա հաշվարկման համակարգը կփոփոխվի, և բոնուս–մալուս հաշվեկշիռը կախված կլինի հատուցման չափից։ Մինչև 100 հազար ՀՀ դրամի չափով վնասներով պատահարների համար ապահովադիրները կստանան ոչ թե 4, այլ 3 մալուսային դաս, այսինքն` ապահովագրությունը նրանց համար կթանկանա 9 տոկոսով։ 100-ից մինչև 200 հազար դրամի չափով վնասների դեպքում հաճախորդը ստանում է 4 մալուսային դաս։

Արդյունքում բարեխիղճ վարորդները կշարունակեն ստանալ իրենց բոնուսները, իսկ դա ԱՊՊԱ–ի տարեկան արժեքի 3% զեղչն է: Իսկ օրինախախտները ստիպված կլինեն ավելի շատ վճարել ապահովագրության համար։

Նշենք, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2022թ.-ի փետրվարի 7-ից` սակագների վերանայման մասով, և 2022թ.-ի մարտի 1-ից` բոնուս-մալուսի հաշվարկման մասով։