Ռեստորանները պահանջում են չեղարկել «կանաչ անձնագրերը»

Ռեստորանները պահանջում են չեղարկել  «կանաչ անձնագրերը»

Վրաստանում ռեստորանների և հյուրանոցների սեփականատերերը պահանջում են չեղարկել «կանաչ անձնագրերը» բիզնեսի անկման պատճառով, լրագրողներին հայտնել է Վրաստանի ռեստորանների ասոցիացիայի ղեկավար Շոթա Բուրջանաձեն։

Դեկտեմբերի 1-ից Վրաստանում սկսեց գործել այսպես կոչված «կանաչ անձնագիրը», որը ճանաչված է նաեւ ԵՄ-ի կողմից։ Առանց covid-անձնագրերի, այժմ հնարավոր չէ մտնել ռեստորաններ, թատրոններ, ֆիթնես կենտրոններ և այլ հաստատություններ:

«Այսօր «կանաչ անձնագրի» հիման վրա դրված սահմանափակումները հորինվածք են, դրանք թղթի վրա իրականությանը չհամապատասխանող սահմանափակումներ են, սպանում են բիզնեսները, փակվում են ռեստորանները, կորչում են աշխատատեղերը, աշխատանքից զրկվում են համակարգում 20 տարուց ավելի աշխատող մասնագետներ, սա սարսափելի արդյունք է»,- ասել է Բուրջանաձեն։

Նրա խոսքով՝ ռեստորաններում կորոնավիրուսի անձնագրեր ներկայացնելը ոչ մի կերպ չի նվազեցնում վարակվելու վտանգը։

Վրաստանում վերջին շաբաթվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների թվի ռեկորդային աճ։ Օրական վարակվածների թիվն արդեն մոտենում է 20 000-ի։ Մինչդեռ իշխանությունները չեն պատրաստվում նոր սահմանափակումներ մտցնել։

Վրաստանում դիմակ կրելը պարտադիր է ինչպես փակ վայրերում, այնպես էլ փողոցներում։ Բացի այդ, զանգվածային հավաքները դեռևս արգելված են։