Վրաստանի 4 քաղաքներում բողոքում են թանկացումների դեմ

Վրաստանի 4 քաղաքներում բողոքում են թանկացումների դեմ

Վրաստանի չորս քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութայիսիում, Փոթիում և Քոբուլեթիում այսօր բողոքի ակցիաներ են անցկացվում թանկացումների դեմ՝ «Ավելի թանկ կյանք չկա» կարգախոսով։

Գործողությունների վայրում մոբիլիզացվել են պարեկային և անվտանգության ծառայության աշխատակիցներ։

Ակցիաները կազմակերպվում են ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների կողմից։ Տասնյակ մարդիկ փողոց են դուրս եկել «Բարձրացրե՛ք աշխատավարձերը», «Վրացական երազանքը նշանակում է աղքատություն», «Ի՞նչ կասեք աշխատանքի մասին» պաստառներով։

Որոշ ցուցարարներ իրենց հետ բերել են «Ազատիր Միշային» պաստառներ՝ պահանջելով ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանտից։

Ակցիայի կազմակերպիչները լրագրողներին ասել են, որ իրենց վրդովեցրել է 2021 թվականի նոյեմբերին անցկացված ԵՄ նոր ուսումնասիրության արդյունքը, ըստ որի Վրաստանն այն տասը երկրների թվում է, որոնց բնակիչներն ամենից հաճախ ապաստան են խնդրում ԵՄ-ում։

«Վրաստանը դառնում է թոշակառուների երկիր։ Երիտասարդությունը հեռանում է։ Խելացի, ուժեղ, աշխատունակ մարդիկ փախչում են Վրաստանից։ Սա կատարյալ աղետ է»,- ասել է քաղաքացիական ակտիվիստ Գիորգի Մումլաձեն։

Ակտիվիստները պահանջում են նաև նվազեցնել կոմունալ ծառայությունների բարձրացված սակագները։

«Մարդկանց խոստացել են կիսով չափ իջեցնել սակագինը, առնվազն լարիով նվազեցնել վառելիքի գները։ Օլիգարխ Իվանիշվիլին խաբեց նրանց, մարդիկ սովամահ են լինում», – ասել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Իրակլի Նադիրաձեն։