Կիևում ծեծի են ենթարկել Վրաստանի արդարադատության նախկին նախարարին

Կիևում ծեծի են ենթարկել Վրաստանի արդարադատության նախկին նախարարին

Կիևում հարձակման զոհ է դարձել Ուկրաինայի գլխավոր դատախազի օգնականը, հայտնում է Ուկրաինայի ազգային ոստիկանության կայքը։

Գործակալությունը չի հայտնում զոհի ինքնությունը, սակայն մի քանի ուկրաինական լրատվամիջոցներ, վկայակոչելով իրենց աղբյուրները, հայտնում են, որ հարձակումն իրականացվել է Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիի վրա։

Դեպքի մասին ոստիկանություն հայտնել են այն կլինիկայից, ուր տարել են ծեծի ենթարկվածին։

Ազգային ոստիկանության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել փետրվարի 7-ին Կիևի կենտրոնում գտնվող Տվերսկայա փողոցում։ Հարձակվողները չորսն են եղել, նրանք ծեծի են ենթարկել Ադեիշվիլիին և դեպքի վայրից դիմել փախուստի։

Այս պահին ոստիկանությունը պարզում է հարձակվողների ինքնությունը՝ նրանց հետախուզման մեջ մտցնելու նպատակով։ Բոլոր մանրամասները պարզելուց հետո քրեական գործ կհարուցվի։

Արդարադատության նախկին նախարար և նախկին գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մերձավորներից և ամենաբարձր պետական ​​մակարդակով որոշումներ կայացնող քաղաքական գործիչների շրջանակի անդամը, լքել է Վրաստանը իշխանափոխությունից անմիջապես հետո։ Հենց այդ ժամանակ էլ տարածվեցին վրացական բանտերում խոշտանգումների տեսագրությունները։ Այժմ Ադեիշվիլին եվրոպական երկրներից մեկի քաղաքացի է, որտեղ քաղաքական ապաստան է ստացել։

Հայրենիքում Ադեիշվիլին մեղավոր է ճանաչվել չորս քրեական գործերով հանցագործություններ կատարելու մեջ և դատապարտվել հինգ տարի 3 ամիս ազատազրկման։