Հանրային աշխատանքը չի հանգեցնի նպաստի դադարեցման

Հանրային աշխատանքը չի հանգեցնի նպաստի դադարեցման

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության այսօրվա նիստում խոսել է սոցիալապես անապահով խավերի համար աշխատատեղեր ստեղծելու նախաձեռնության մասին։ Ինչպես նշել է վարչապետը, այսօր արդեն պատրաստակամություն կա երկրում իրականացնել հանրային աշխատանքների լայնածավալ ծրագիր։

Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ ծրագրից կօգտվեն 18 տարեկանից մինչև կենսաթոշակային տարիքի սոցիալական նպաստ ստացող աշխատունակ մարդիկ։

«Ծրագրի իրականացումը մի կողմից կբարձրացնի սոցիալական նպաստ ստացող գործազուրկների եկամուտները։ Միևնույն ժամանակ, նոր ենթակառուցվածքների ստեղծումը կամ գոյություն ունեցողների բարելավումը կարևոր հանրային բարիք է։ Այս ծրագիրը հասանելի է 18 տարեկանից մինչև կենսաթոշակային տարիքի սոցիալական նպաստ ստացող աշխատունակ մարդկանց, ովքեր չունեն հաշմանդամի կարգավիճակ կամ չունեն առողջական լուրջ խնդիրներ։ Մեր կանխատեսմամբ՝ ավելի քան 200 հազար մարդ կտեղավորվի աշխատանքի»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Խոսելով խնդրի մասին՝ Ղարիբաշվիլին նշել է, որ անձի ընդգրկումը ծրագրում չի հանգեցնում սոցիալական աջակցության դադարեցման։

«Ուզում եմ ընդգծել, որ հանրային աշխատանքը չի հանգեցնում սոցիալական աջակցության դադարեցման։ Նպաստառու ընտանիքը չորս տարի կպահպանի ապրուստի նպաստը։ Ինչ օգնություն էլ ստանում էր, չորս տարի կստանա։ Մենք դրան չենք անդրադառնա։ Այս ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր քաղաքացու կտրվի հավելյալ 300 լարի։ Մի կողմից նրանք կստանան սոցիալական օգնություն, որը որոշ դեպքերում կարող է կազմել 400-500, որոշ դեպքերում՝ 700-800 լարի, իսկ դրանից հետո այն կլինի լրացուցիչ պետության կողմից։ Շահառուն կշարունակի նպաստը, եթե նույնիսկ չհամաձայնի առաջարկներից որևէ մեկին, բայց մեկ տարի անց ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը կվերստուգվի, ինչն արդարացի եմ համարում։ Իհարկե, այս ընթացքում նա կարող է փոխել որոշումը և դիմել աշխատանքի տեղավորման գործակալությանը կամ սոցիալական ծառայությունների գործակալությանը։ Մենք կարծում ենք, որ համայնքային ծառայության լայնածավալ ծրագիրը կարևոր քայլ կլինի աղքատության դեմ պայքարում»,- ասել է Վրաստանի վարչապետը։1tv.ge