Վրաստանում կուտակային կենսաթոշակից օգտվել է ավելի քան 1,5 հազար մարդ

Վրաստանում կուտակային կենսաթոշակից օգտվել է ավելի քան 1,5 հազար մարդ

Կուտակային կենսաթոշակային համակարգում ընդգրկված Վրաստանի քաղաքացիների թիվը, վերջին տվյալներով, կազմում է 1 մլն 250 հազար մարդ, որից կուտակած գումարը ստացել է 1 524 հոգի։ Այս մասին հայտնում է Վրաստանի կենսաթոշակային գործակալությունը։ pensions.ge

Փետրվարի 15-ի դրությամբ կենսաթոշակային խնայողություններին ավելացել է 292 մլն լարի (96,5 մլն ԱՄՆ դոլար) շահութային գումար։

Կենսաթոշակային ակտիվները տեղաբաշխված են վրացական ինը առևտրային բանկերում։ Ակտիվների 64%-ը ներդրված է ավանդային վկայագրերում և ժամկետային ավանդներում, իսկ 36%-ը՝ ընթացիկ տոկոսաբեր հաշիվներում։

Հիմնադրամի շահույթը դրա գործարկման օրվանից (01/01/2019) առ այսօր կազմում է 33%: Հիմնադրամի ընթացիկ տարեկան արդյունավետ եկամտաբերությունը կազմում է 11,6%:

Կուտակային կենսաթոշակային համակարգը Վրաստանում գործում է 2019 թվականի հունվարի 1-ից և դրան միանալը պարտադիր է։

Մշակված սխեմայի համաձայն՝ 24 հազար լարիից (7,9 հազար դոլար) պակաս անվանական տարեկան եկամուտով քաղաքացու կենսաթոշակային հաշվին կփոխանցվի նրա աշխատավարձի 6 տոկոսը: Մասնավորապես՝ 2 տոկոսը կվճարի ինքը՝ քաղաքացին, 2%-ը՝ նրա գործատուն, ևս 2%-ը՝ պետությունը: Տարեկան 24-ից 60 հազար լարի (19,8 հազար դոլար) աշխատավարձով քաղաքացիների դեպքում պետությունը կփոխանցի ընդամենը 1 տոկոս։

Մինչ կուտակված գումարի վերադարձը պետությունն այն կներդնի Ազգային բանկի վերահսկողության տակ գտնվող տարբեր նախագծերում։ Այս գործընթացն իրականացնում է Կենսաթոշակային գործակալությանը կից Ներդրումային ծառայությունը։

Գործակալության տվյալներով՝ այս պահի դրությամբ կենսաթոշակային ակտիվներն ամբողջությամբ ներդրված են լարիով։

Գործակալությունը կենսաթոշակային խնայողությունների իր առաջին ներդրումը կատարել է 2020 թվականի մարտին՝ 560 մլն լարիի (185 մլն դոլար) չափով՝ ներդնելով Վրաստանի բարձր վարկանիշ ունեցող առևտրային բանկերի ավանդի վկայագրերում։