Ռուսական ռուբլին արագ արժեզրկվում է

Ռուսական ռուբլին արագ արժեզրկվում է

Ռուսական ներխուժման և պատժամիջոցների ֆոնին Forex արտաբորսայական շուկայում դոլարը՝ դեռ մինչև Մոսբորսայի առքուվաճառքի բացումը, արժեր ավելի քան 113 ռուբլի, եվրոյի փոխարժեքը հասնում էր մինչև 127 ռուբլու: Սա պատմական առավելագույնն է: Ավելի ուշ բորսայում դոլարն առուվաճառքի բացման ժամանակ բարձրացավ մինչև 99 ռուբլու, եվրոն ցատկեց՝ գերազանցելով 100 ռուբլին: Առքուվաճառքի սահմանների ընդլայնումից հետո դոլարը և եվրոն շարունակեցին արագորեն թանկանալ։

Մոսկվայի բորսայի արժութային շուկայում առքուվաճառքը բացվեց սովորականից ուշ՝ Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ին: Մոսկվայի բորսայի ակցիաներում առքուվաճառքը կբացվի ժամը 15:00-ից ոչ շուտ։ Կենտրոնական բանկը ժամը 13:00-ին կկողմնորոշվի, առհասարակ, բացել թե ոչ առքուվաճառքը:

Վրաստանում լարիի պաշտոնական փոխարժեքը արտարժույթի նկատմամբ դեռ չի սահմանվել, և այն 100 ռուբլու դիմաց կազմում է 3,7416 լարի՝ համաձայն փետրվարի 25-ի առքուվաճառքի։ Թեև առևտրային բանկերն արդեն փոխել են իրենց արտարժույթի փոխարժեքները։ Այսպիսով, առևտրային բանկերում 100 ռուբլին գնում են 1.8-2 լարիով, իսկ վաճառում են՝ 4.6-5 լարիով։