Ջավախքի բնակիչները՝ ռուբլու արժեզրկման հետևանքների կրողներ

Ջավախքի բնակիչները՝ ռուբլու արժեզրկման հետևանքների կրողներ

Ռուսական պետական արժույթը՝ ռուբլին, ինչպես դոլարի, անյպես էլ վրացական լարիի նկատմամբ արժեզրկվել է։ Տվյալների համաձայն` ռուսական արժույթի նոր ռեկորդային ցածր մակարդակը նկատվել է, երբ երկրի որոշ բանկերի արգելվել է օգտվել SWIFT միջազգային վճարային համակարգից։ BBC-ի փոխանցմամբ` պատճառներից կարող է լինել նաև Brent տեսակի նավթի մեկ բարելի գնի ռեկորդային աճը։

BBC-ն գրում է, որ ԵՄ-ի, ԱՄՆ-ի և նրանց դաշնակիցների՝ մի քանի ռուսական բանկերի SWIFT-ից զրկելու քայլը Մոսկվայի դեմ մինչ օրս կիրառված ամենակոշտ պատժամիջոցն է Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով: Ռուսաստանը նավթի և գազի արտահանման համար մեծապես կախված է SWIFT համակարգից:

Վրաստանում այժմ 1 ռուբլին արժե 0.032 լարի է, սակայն փետրվարի 18-ի դրությամբ տատանվել է մինչև 28-29 լարի։ Սամցխե-Ջավախեթիի շրջանում ռուբլին լայն կիրառում ունի, քանի որ բնակչության բավական մեծ մասը մեկնում է սեզոնային աշխատանքի Ռուսաստան։

«Մի քանի տարի առաջ 1000 ռուբլին փոխանակում էինք անգամ 50 լարիով, այժմ այն գրեթե գին չունի, այս տարի առաջին անգամ ամուսինս Ռուսաստանից ուղարկեց գումար, գնացի վերցնելու, այնքան ցածր էր գինը, որ չես էլ ուզում փոխել։ Սա Վրաստանում աշխատողների համար էական փոփոխություն չէ, շատերը երևի անգամ կարծում են լավ է ռուբլու արժեզրկվելը, իսկ ի՞նչ անեն ջավախքցիները, այստեղ գումարը հիմնականում Ռուսաստանից է գալիս այն էլ՝ ծանր աշխատանքով վաստակված, ամիսներ շարունակ տունը լքելու արդյունքում» — «Ալիք մեդիայի» հետ զրույցում Ախալքալաքի բնակչուհի, տնային տնտեսուհի Ռիմա Սերոբյանը։

Սերոբյանի ամուսինն արդեն 1 ամիս է ինչ կրկին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` արտագնա աշխատանքի։ Նա նշում է, որ երևի սա կանդրադառնա Ջավախքում արտագաղթի ցուցանիշի վրա, ինչն ամենացավալին է։

«Կարծես ամեն ինչ դրդրում է գնալ այնտեղ, որտեղ աշխատանք կա, կարող ես բարեկեցիկ ապրել, այս դեպքում նաև աշխատածդ գումարը իզուր չկորցնել։ Շատերից եմ լսում, «եթե այսպես շարունակվի մենք էլ կգնանք» արտահայտությունը, սա շատ ցավալի է, սակայն ինչքան կարող է մարդ աշխատել, ուղարկել տուն, որ ապահովի իր ընտանիքին, եթե ռուբլին անգամ 25 լարիի սահմանում է տատնվում» — նշում է քաղաքացին։

Նրա խոսքով, այս պայմաններում պետությունը կարող է գոնե աջակցել սեզոնային աշխատանքի մեկնողներին «արժանի» աշխատավարձով աշխատատեղերի տրամադրմամբ։

«Իմ կարծելով, Ռուսաստանի ու Վրաստանի քաղաքական հարաբերությունները չպիտի անդրադառնան խաղաղ քաղաքացիների վրա, ովքեր կիլոմետրեր են անցնում, հասնում Ռուսաստան` գումար վաստակելու նպատակով, մենք էլ կուզեինք չգնալ երկրից ու տեղում աշխատել, եթե նման խնդիր կա, ուրեմն թող աշխատատեղեր տրամադրվեն սեզոնային աշխատանքի մեկնողներին, եթե ռուբլին «ջրի գնի» է հասել»։

Ախալաքալաքի բնակիչ Սերգեյ Մելքոնյանն ամեն տարի մեկնում է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքների, այս տարի դեռ չի գնացել, կարծում է` ճգնաժամային իրավիճակ կարող է լինել, սակայն նշում է, որ առանց «խոպանի» (արտագնա աշխատանքների) այս երկրում գոյատևելը բարդ է, եթե չունես բիզնես, ֆերմա կամ մասնագիտություն։

«Ամեն տարի հունվարին մեկնում էի, նոյեմբներին գալիս, այս տարին, եթե չեմ սխալվում, եզակի է, որ փետրվար-մարտին այստեղ եմ։ Պատճառը երևի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող իրավիճակն է, որը նաև անդրադառնում է մեզ վրա, ինչպիսին օրինակ ռուբլու արժեզրկումն էր։ Հիմա մտածելու տեղիք է տալիս, ամսական 50 000 ռուբլի աշխատավարձ ստանալով կարող ես Ռուսաստանում ապրել բավական լավ, սակայն ուղարկում ես տուն, թեթև գնումներին ու կոմունալներին հազիվ է հերիքում, ուր մնաց տնտեսելուն, այսքան արժեզրկվելուց հետո ինչպե՞ս պիտի ապրի ջավախքցին,-ասում է Մելքոնյանն ու շարունակում, —Ռուբլին իջնում է, մնացած ամեն ինչը՝ թանկանում, միայն հող մշակելով մեծ ընտանիքը դժվարությամբ է ապրում, արտագնա աշխատանքի մեկնելը որոշների համար պարտադիր է, իսկ թեկուզ պարարտանյութ գնելու համար Ռուսաստանից եկած գումարի վրա արդեն «ուժ չկա»։aliq.ge