ՌԴ ֆինանսական համակարգի կայունանալն օրերի հարց է

ՌԴ ֆինանսական համակարգի կայունանալն օրերի հարց է

Ռուբլին, այո, կտրուկ տատանումներ ունեցավ, բայց մենք Ռուսաստանի ԿԲ-ի կողմից ֆինանսական մեծ շոկեր թույլ չտալու վճռականություն ենք տեսնում։ Այս մասին Հանրահին հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետեւանքով ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումներին։

Նրա դիտարկմամբ՝ վերջին օրերին ռուբլին մոտ 20%-ից քիչ ավելի է արժեզրկվել, բայց 2014թ-ի համեմատ էապես հիմա այն ավելի քիչ է՝ այն ժամանակ ավելի քան 100% արժեզրկում է գրանցվել։

Հարցին, թե ինչպես կարող է սա ազդեցություն ունենալ ռուսական ընկերությունների հետ համագործակցող հայկական տնտեսվարողների վրա, Խաչատրյանը նկատեց․

«Եթե Ռուսաստանում, օրինակ, 20%-ի չափով հավանական գնաճ տեղի ունենա, ապա Հայաստանից արտահանվող ապրանքը, օրինակ՝ ելակը, Ռուսաստանում ռուբլով X տոկոսով թանկ կարժենա եւ ամբողջությամբ կամ մասնակիորեն կփոխհատուցի այն փոփոխությունը, որ տեղի է ունեցել փոխարժեքում։ Կարեւորն այն է, թե ինչ դինամիկա կունենան գները Ռուսաստանում։ Սա, բնականաբար, բացասական նորություն է, բայց այստեղ հարցը չափի մեջ է»,- շեշտեց Խաչատրյանը։

ԿԲ նախագահի տեղակալի խոսքով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսվարողների միջեւ ռուբլով փոխանցումներ կատարելու որեւէ խնդիր չկա, պատժամիջոցները դրա վրա չեն տարածվում։ Ինչ վերաբերում է դոլարային փոխանցումներին, ապա ՌԴ-ում բազմաթիվ բանկեր սանկցիայի տակ չեն, եւ եթե մեր տնտեսվարողների՝ ՌԴ-ում գործող գործընկեր տնտեսվարողները նման բանկերում հաշիվներ բացեն, հնարավոր կլինի դոլարով փոխանցումներ կատարել։

Իսկ ի՞նչ անեն այն տնտեսվարողները, որոնք ռուսական ընկերությունների հետ ռուբլով են գործարքներ կատարում, եւ այժմ ռուբլով առկա դրամական միջոցներ ունեն, ի՞նչ անել, եթե ռուբլին արժեզրկվում է։ ԿԲ ներկայացուցչի խոսքով՝ այս պահին կտրուկ քայլերի դիմել պետք չէ։

«Ամենասթափ մոտեցումն այն կլինի, որ կտրուկ տատանումների ժամանակ, մանավանդ, երբ ֆինանսական ընկերությունները, շոկից դրդված, անտրամաբանական մեծ փոխարժեքներ են սահմանում առքի եւ վաճառքի համար, կտրուկ քայլեր հիմա պետք չէ անել, որովհետեւ առքի/վաճառքի տարբերությունները կարճ ժամանակում նվազելու է, Ռուսաստանի ֆինանսական համակարգը կայունանալու է՝ դա օրերի, շաբաթների հարց է»,- նկատեց ԿԲ ներկայացուցիչը։news.am