Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ չընդունելը ճիշտ որոշում էր. Գերմանիայի կանցլեր

Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ չընդունելը ճիշտ որոշում էր. Գերմանիայի կանցլեր

Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ ընդունելուց հրաժարվելը ճիշտ էր, այդ հարցը դրված չէր և դրված չէ օրակարգում։ ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Սա ճիշտ որոշում էր, այն ժամանակ այս հարցի վերաբերյալ շատ երկար բանակցություններ են եղել ՆԱՏՕ-ում»,- ասել է Շոլցը։ Կանցլերը հավելել է, որ այս հարցն այսօր էլ օրակարգում չկա։

2008 թվականին Բուխարեստում անցկացված գագաթնաժողովի ժամանակ ՆԱՏՕ-ի երկրները հաստատել էին, որ Վրաստանը և Ուկրաինան իրավունք ունեն անդամակցել դաշինքին` հետաձգելով հարցի լուծումն անորոշ ժամանակով։ Անցած տարվա հունիսին ՆԱՏՕ-ի առաջնորդները Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ աջակցեցին դաշինքին միանալու երկու երկրների իրավունքին։

Նրանք հայտարարեցին նաև բարեփոխումները շարունակելու անհրաժեշտության մասին, սակայն չնշեցին այս երկրների` կազմակերպությանը անդամակցելու ժամկետները։

2014 թվականի դեկտեմբերին Ուկրաինան հրաժարվեց արտադաշինքային կարգավիճակից, այնուհետև Սահմանադրության մեջ ամրագրեց ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միացման ուղղությունը։ Այժմ այդ երկիրն ընդլայնված հնարավորություններով ՆԱՏՕ-ի գործընկերոջ կարգավիճակ ունի, սակայն ձգում է լիարժեք անդամակցության։

Ռուսաստանը կտրականապես դեմ է դեպի արևելք դաշինքի հետագա ընդլայնմանը։ Սա Վաշինգտոնին և Բրյուսելին Մոսկվայի փոխանցած անվտանգության երաշխիքների մասին փաստաթղթերի գլխավոր պահանջն է։ Բացի այդ, ռուսական կողմը պնդում է, որ Արևմուտքը հրաժարվի հետխորհրդային երկրներում ռազմակայաններ ստեղծելուց, իր սահմանների մոտ հարվածային սպառազինություն տեղադրելուց և Արևելյան Եվրոպայում հետ քաշի ՆԱՏՕ-ի ուժերը 1997 թվականի դիրքերին։