Բենզինի գինն աշխարհում և Վրաստանում

Բենզինի գինն աշխարհում և Վրաստանում

ԱՄՆ-ում սովորական բենզինի գինը անցած երկու շաբաթվա ընթացքում աճել է 79 ցենտով եւ հասել է ռեկորդային մակարդակի՝ 4,43 դոլար մեկ գալոնի (3,8 լիտր) համար, քանի որ Ուկրաինայում իրավիճակը նպաստում է բենզինի առանց այդ էլ բարձր գների աճին:

Լցակայաններում գինը 1,54 դոլարով ավելի բարձր է, քան մեկ տարի առաջ։

Հետազոտության տվյալներով՝ դիզելային վառելիքի միջին գինը նույնպես կտրուկ աճել է՝ երկու շաբաթվա ընթացքում այն բարձրացել է 1,18 դոլարով՝ հասնելով մեկ գալոնի համար 5,20 դոլարի: Դիզելային վառելիքը 2,11 դոլարով ավելի թանկ է, քան մեկ տարի առաջ:

Ֆրանսիայում պետությունը մտադիր է աջակցել այն քաղաքացիներին, որոնց բենզինի կամ դիզվառելիքի ծախսերը զգալիորեն աճել են թանկացումների պատճառով։ Ապրիլի 1-ից չորս ամիս լցակայաններում բյուջեի հաշվին ցանկացած տեսակի վառելիքի մեկ լիտրի համար վարորդներին 15 ցենտ կփոխհատուցվի։ Այս մասին շաբաթ օրը, մարտի 12-ին, Le Parisien թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը։

Այժմ Ֆրանսիայում մեկ լիտր բենզինի միջին գինը գերազանցում է երկու եվրոն, եւ, ըստ Կաստեքսի, այս իրավիճակը մոտ ապագայում չի փոխվի, գրում է Deutsche Welle-ն։

Հաղորդվում է, որ խոսքը ոչ թե հարկերի կրճատման, այլ զեղչի մասին է։ Այն կարվի լցակայանում, իսկ հետագայում պետությունը դրանց սեփականատերերին կփոխհատուցի ծախսերը, պարզաբանել է Կաստեքսը:

Վրաստանում վառելիքը ընդամենը մեկ շաբաթում թանկացել է 40 թեթրիով։ Վառելիք մատակարարող տարբեր ընկերություններում գները գրեթե նույնն են։ Ամենաբարձր որակի վառելիքն արժե 3,79 լարի, իսկ ամենացածրը՝ 1,59 լարի՝ արժե միայն գազը:

Նավթամթերք ներմուծողների միության տվյալներով՝ Վրաստանում վառելիքի գների վերջին աճը պայմանավորված է միջազգային գների աճով և դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքի անկումով։

Գազի գներն աճել էին Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից շատ առաջ, քանի որ գազի պահանջարկն արգելափակումից հետո հանգեցրել էր գների բարձրացման: 2020-ի սկզբին նավթի գները կտրուկ նվազել էին, երբ աշխարհի տնտեսությունները կանգ էին առել կորոնավիրուսային համավարակի պատճառով: Այն ժամանակ ֆյուչերսների գինը նույնիսկ բացասական էր դարձել, այսինքն որոշ վաճառողներ վճարում էին գնորդներին, որպեսզի նրանք նավթ վերցնեին:

Սակայն գները վերականգնվել են, քանի որ պահանջարկը վերականգնվել է ավելի արագ, քան արտադրողները հանել են նավթը գետնից, եւ պաշարները վերջացել են:

Այնուհետեւ գների բարձրացումը արագացավ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից հետո:

Էներգակիրների գները նույնպես նպաստում են 40 տարվա ամենաուժեղ ինֆլյացիային, որը շատ է առաջ անցել աշխատավարձերի աճից: tv9news.ge