Պուշկին փողոցի անտեսանելի մայթերը

Պուշկին փողոցի անտեսանելի մայթերը

Պուշկինի փողոցը Նինոծմինդա քաղաքի կենտրոնական փողոցներից է։ Արդեն տեւական ժամանակ է, ինչ Օրոջալար գյուղ տանող փողոցի մայթերը խոտածածկ են։ Խոտն այնքան բարձր է, որ հետիոտները չեն կարողանում նույնիսկ մայթով քայլել։ Սակայն սրա վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Ո՞վ է պատասխանատու տարածքի մաքրման համար՝ քաղաքապետարանը, թե բնակիչները։

Մի քանի շաբաթ առաջ փողոցի մի մասը վերանորոգվել է. Վնասված ասֆալտի շերտը վերականգնվել է: Սակայն ասֆալտի մնացորդները (շինարարական աղբ) դեռ մնում են փողոցում։ Չնայած, որ փողոցում մի քանի աղբամաններ կան այնուամենայնիվ բացի շինարարական աղբից, կենցաղային աղբը ևս ցրված է։

Մենք կապ հաստատեցինք քաղաքի կոմունալ ծառայության հետ, որը քաղաքում մաքրման աշխատանքներ է կատարում, ճշտելու համար թե արդյոք մաքրելու են տարածքը, թե ոչ։ «Մենք մաքրում ենք փողոցները, սա վերաբերում է նաև մոլախոտերին։ Մենք կարող ենք մաքրել ցրված աղբը, բայց բնակիչները պետք է հասկանան նաև, որ իրենք են ապրում այստեղ և աշխատեն աղբ չթափել։ Ինչ վերաբերում է խոտածածկ մայթերին, ապա սա առանձնատների հարակից տարածքն է։ Իհարկե, մենք կարող ենք մաքրել, բայց առայժմ բավարար ռեսուրս չունենք քաղաքի կենտրոնական և հիմնական հատվածները, միաժամանակ ծայրամասերը մաքրելու համար, ուստի բնակիչները նույնպես պետք է մեզ օգնեն և գոնե աղբ չթափեն։ » – հայտնեցին Նինոծմինդա քաղաքի կոմունալ ծառայությունից։