Նինոծմինդայի տարբեր գյուղերում կաթի գները մնացին տարբեր

Նինոծմինդայի տարբեր գյուղերում կաթի գները մնացին տարբեր

Կաթի գների նվազման դեմ բնակիչների բողոքից հետո NOR ռադիոկայանը փորձեց պարզել թե Նինոծմինդայի տարբեր գյուղերում կաթի ինչպիսի գներ են սահմանվել:

Այսօր՝ ապրիլի 6 -ին, NOR -ի լրագրողը այցելեց Թորիա գյուղ, որտեղ բնակիչները կտրուկ հրաժարվեցին հարցազրույց տալ` կաթի գների հետ կապված, ասելով, որ միեւնույն է ոչինչ չի փոխվի, ում ինչ գնով ձեռք է տալիս այդպես էլ կառնի:

Նշենք ,որ Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչները օրեր առաջ նույնպես որոշել էին կաթը չհանձնել այնքան ժամանակ մինչև իրենց ուզած գինը չլինի, այդպիսով իրենց դժգոհությունը հայտնելով կաթի գների նվազումից:

Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Երեկ Հեշտիայում տեղի է ունեցել ժողով՝ կաթը գնող ձեռներեցների եւ բնակիչների մասնակցությամբ: Որոշում է կայացվել, որ Հեշտիայի համայնքում (Հեշտիա, Թորիա, Ուչմանա, Ղաուրմա) 1 լիտր կաթի գինը 1,60 լարիի փոխարեն ապրիլ ամսին կաթնամթերքի տեղական արտադրամասերի ներկայացուցիչները կաթը կգնեն 1,70 լարիով»:

Հարցին, թե ի՞նչ է լինելու մեկ ամիս հետո կաթի գների հետ կապված, կբարձրանա՞, թե՞ կնվազի: Եգոր Քոթոյանը այս հարցին պատասխանեց, որ ձեռներեցների ներկայացնելով կանխատեսում կա, որ կաթի գինը մայիս ամսին էլ ավելի կեժանանա:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայի տարբեր գյուղերում կաթի գները մնացին տարբեր

NOR ռադիոկայանի տվյալներով Նինոծմինդայի մնացած գյուղերում գնային պատկերը այսպիսին է.

  • Սաթխայում կաթի գինը մնացել է անփոփոխ, այն արժե 1,80 լարի:
  • Գանձայում եւ Փարվանայում` 1,60 լարի:
  • Փոկա գյուղում` 1,60 լարի, կան նաեւ ձեռներեցներ ովքեր գնում են 1,80 լարիով:
  • Գոնդուրայի համայնքում` 1,60 լարի:
  • Ջիգրաշեն գյուղում կաթի գինը նույնպես նվազել է դառնալով 1,60 լարի:
  • Փոքր Խանչալիում բնակիչների մեծամասնությունը կաթը վաճառում է 1,60 լարիով իսկ մնացածն էլ 1,70 լարի:
  • Մեծ Խանչալի գյուղում բնակիչների մի մասը կաթը վաճառում է 1,60 լարիով, մյուս մասն էլ 1,80 լարիով:
  • Գորելովկայի գյուղական համայնքում կաթի գինը արժե 1,60 լարի, սակայն Գորելովկայում Կարեն Կյուրեղյանը կաթը գնում է 1.80 լարիով։

Հիշեցնենք, որ ապրիլի 3 -ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկայի գյուղական համայնքի 5 գյուղերի(Օրլովկա, Եֆրեմովկա, Սպասովկա, Սամեբա, Ժդանովակն) բնակիչներ հավաքվել էին Գորելովկա գյուղի կենտրոնում եւ բողոքում էին կաթի գների նվազման դեմ: Կաթնամթերքի տեղական արտադրամասերը ապրիլի մեկով նվազեցրել են կաթի գները, նախկին 1.80 լարիի փոխարեն իջեցնելով 1.60 լարի, ինչն էլ բնակիչների մոտ դժգոհություն է առաջացրել։ Չնայած բողոքի ակցիան սկսվել էր Գորելովկայի համայնքից, սակայն կաթի գինը այդպես էլ չբարձրացավ:

Նինոծմինդայի շրջանում հիմնական եկամտի աղբյուր է հանդիսանում անասնապահությունը, սակայն այսօրվա դրությամբ բնակիչները չեն կարողանում իրենց գյուղատնտեսական ապրանքը իրացնել հարմար գներով:

Կարդացեք նաեւ՝