Ախալքալաք-Բակուրիան մայրուղու վրա բեռնատար է շրջվել

Ախալքալաք-Բակուրիան մայրուղու վրա բեռնատար է շրջվել

Այսօր` ապրիլի 12-ին, ժամը 11։00-ի սահմաններում Ախալքալաք-Բակուրիան մայրուղու վրա, «Խուլգումայի տակ» կոչվող շրջադարձին բեռնատար է շրջվել։ Դեպքից տուժածներ չկան։ Բեռնատարը պատկանում է նույն ճանապարհը սպասարկող «ՋավախԱվտոԳզա» ընկերությանը: Ճանապարհը երթևեկության համար փակ չէ, բայց դժվարանցանելի է:

Ականատեսների խոսքերով, շրջադարձ կատարելու ժամանակ բեռնատարի դիմացից մեքենա է եկել, բեռնատարի վարորդը առավելագույնս ղեկն աջ է պահել, որպեսզի դիմացինի ճանապարհը չզավթի, այդ պատճառով աջակողմյան անվադողերն ընկել են ճանապարհաեզրից դուրս և բեռնատարը շրջվել է։ Հարկ է նշել, որ ճանապարհի այդ հատվածը շատ նեղ է:

Տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցները։

Հարկ է նշել, որ այս ճանապարհին նման դեպքեր շատ են լինում, ոչ միայն բեռնատարերն են շրջվում, այլ նաև թեթև մարդատար ավտոմեքենաները։ Վարորդները մշտապես բողոքում են, որ ճանապարհը շատ նեղ է, իսկ վերանորոգումից հետո այն ավելի է նեղացել: Հատկանշական է, որ Ախալքալաք-Բակուրիանի ճանապարհի վերանորոգման աշխատանքներն արդեն մի քանի տարի է իրականացնում է հենց «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը։ jnews.ge