Ժդանովական-Սամեբա տանող ճանապարհը բախտի քմահաճույքին

Ժդանովական-Սամեբա տանող ճանապարհը բախտի քմահաճույքին

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սամեբա գյուղն ունի տարբեր սոցիալական և առօրյա խնդիրներ, հիմնականներից հանդիսանում է ճանապարհի անմխիթար վիճակը:

Ժդանովականից Սամեբա տանող ճանապարհով գրեթե անհնար է երթեւեկել, ճանապարհը ամբողջ երկայնքով պատված է խորը փոսերով, որոնք իրենց հերթին ամբողջությամբ լցված են ջրով: Ավտոմեքենաները կոտրվում են եւ մարդիկ էլ արդեն հոգնում են երթեւեկել: Նախկինում ճանապարհը հարթեցվել է սակայն անօգուտ: Իսկ թե ինչու չի ասֆալտապատվում ճանապարհը քաղաքապետարանից պատասխանեցին. «Ֆինանսավորում չկա»:

Մինչդեռ նախկինում Սամեբա գյուղի ներկյացուցիչ Պետրոս Թամասյանը NOR ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ փողի ներդրումը կատարված է՝ 2 600 000 լարի ու ասֆալտապատման աշխատանքները գարնանը անպայման
կատարվելու են:

Մենք հավելյալ հեռախոսակապ հաստատեցինք Պետրոս Թամասյանի հետ:

Նրա խոսքով. «Չնայած գարունը նոր է բացվել, բայց դեռեւս ֆինանսավորում չկա եւ սպասողական վիճակում ենք: Եթե ասֆալտապատում չիրականացվեց, ապա ճանապարհների հարթեցում անպայման կանցկացվի մինչեւ բանը հասնի ասֆալտապատմանը»:

Իսկ թե ե՞րբ կասֆալտապատվի Սամեբայի ճանապարհը՝ անհայտ է. (խմբագիր)։

2022 թվականին NOR ռադիոկայանին Նինոծմինդայի ենթակառուցվածքների ծառայությունից հայտնել էին, որ Ժդանովականից դեպի Սամեբա տանող ճանապարհի նախագիծը արդեն կազմված է: 4 կմ 100մ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման համար գումարը կազմել է 2 400 000 լարի: Սակայն ինչ վերաբերվում է ասֆալտապատմանը ապա 2022 թվականին չի նախատեսվել, ֆինանսավորման բացակայության պատճառով:

Վերոնշյալ հարցի համար դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայություն ճշտելու համար, թե արդյոք այս տարի նախատեսվում է ասֆալտապատում Ժդանովական – Սամեբա ճանապարհին:

Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արմեն Բդոյանը NOR -ի հետ զրույցում ասաց. «Այս պահին 1 623 000 լարի գումարի դիմաց պայմանագիր է կնքվել «Ջավախավտոգզա» ընկերության հետ Սպասովկայից մինչեւ կենտրոնական ճանապարհ տանող հատվածի ասֆալտապատման համար: Ինչպես նաեւ հայտարարված է մրցույթ Գանձա եւ Հեշտիա գյուղերի գյուղամիջի ճանապարհների որոշակի հատվածի ասֆալտապատման համար: Ինչ վերաբերվում է Ժդանովական Սամեբա տանող ճանապարհին նախագիծը պատրաստ է սակայն ֆինանսավորում դեռեւս չկա, կախված է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի ֆինանսավորումից, որը այս պահին գտնվում է սպասողական վիճակում»:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Ժդանովական Սամեբա տանող ճանապարհը բախտի քմահաճույքին

Թեմատիկ՝