Վրաստանը 200 լարի հարկ կսահմանի ներկրվող ալյուրի վրա

Վրաստանը 200 լարի հարկ կսահմանի ներկրվող ալյուրի վրա

Վրաստանի կառավարությունը ժամանակավոր հարկ է սահմանել ներկրվող ալյուրի վրա. Գյուղատնտեսության նախարարությունը նման որոշման է հանգել այն բանից հետո, երբ տեղական արտադրողները հացահատիկի իրացման հետ կապված խնդրի առաջ են կանգնել և մի շարք բողոքի ակցիաներ են անցկացրել՝ օգնություն ստանալու համար։

Արդյունաբերությունը 2021 թվականից հետո ներմուծվող ալյուրի համար հարկ է պահանջում. Հարցը հիմնականում վերաբերում է Ռուսաստանից ներկրմանը, քանի որ հենց Ռուսաստանն է Վրաստան և՛ ցորենի, և՛ ալյուրի հիմնական մատակարարը։

Վրաստանում ալյուրի արտադրությունը անշահավետ է դարձել, քանի որ, ի տարբերություն ցորենի, վերջին 2 տարում ալյուրի վրա արտահանման մաքսատուրք չի կիրառվում։ Կարծես թե տեղական հացահատիկ արտադրողների բողոքը դարձավ հիմնական պատճառը, որ կառավարությունը համաձայնի ալյուրի ներմուծումը սահմանափակող մեխանիզմ մտցնել։

Ինչպես պարզվում է, ալյուրի ներմուծման վրա հարկ սահմանելու պայմաններում գործարանները պարտավոր են լինելու տեղական ֆերմերներից ցորեն գնել կոնկրետ գնով և առաջին որակի ալյուր մատակարարել հաց արտադրողներին այնպիսի պայմաններում, որ դա չառաջացնի հացի գնի բարձրացում:

«Ալրաղացները պարտավորվում են հացի գործարանների համար մեկ պարկ ալյուրը չվաճառել 53 լարիից բարձր գնով։ Երկրորդ պարամետրն ուղղված է տեղական ցորենի հին բերքի ստացմանը։ Սա մոտ 70 թեթրի է ալրաղացների ստացած 1 կիլոգրամ ցորենի համար։

Ռուսաստանից ներկրվող ցորենի վրա արդեն կարելի է աշխատել, քանի որ ուզենք, թե չուզենք Ռուսաստանը մոտ է, և այնտեղից միայն ցորեն է գալիս, հետևաբար այս երկու պարտավորությունների արդյունքում մենք հնարավորություն ունենք հավասարեցնել ցորենը և սույն հրամանագրով ալյուրի ներմուծման հարկը, որը հնարավորություն է տալիս գործարաններին աշխատել։

Այս ամբողջ ընթացքում [2021 թվականից առ այսօր] կանգնեցվել է մոտ 80 գործարան՝ մեծ, միջին և փոքր։ «Եթե այս որոշումը չընդունվեր, մենք վտանգի առաջ կկանգնեինք»,- ասում է ցորենագործների ասոցիացիայի ղեկավար Լևան Սիլագավան։

Կառավարության համապատասխան որոշումը դեռ չի տրվել, ուստի պաշտոնապես հայտնի չէ հարկի չափը, որը Վրաստանը կսահմանի ներկրվող ալյուրի վրա։

Գյուղատնտեսության նախարարությունում կայացած հանդիպման մասնակիցներից «Բարաքա» ընկերության ղեկավարը bm.ge-ին ասել է, որ տոննայի համար 200 լարի կլինի այն հարկի չափը, որը Վրաստանը կսահմանի ներկրվող ալյուրի վրա առաջիկա 5 ամսում։

«Ալյուրի ներկրման վրա 200 լարիի չափով հավելյալ հարկ է սահմանվել, ինչը տեղական արտադրողներին կհավասարեցնի այլ արտասահմանյան արտադրողների հետ»,- ասել է Լադո Բիձինաշվիլին։

Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության համաձայն՝ հունիսի 10-ից ուժի մեջ կմտնի ալյուրի ներմուծման ժամանակավոր տուրքը։

Թե որքանով 2021 թվականին Ռուսաստանի կողմից ալյուրի արտահանման հարկի վերացումը խրախուսեց նրա ներմուծումը Վրաստան, հստակ երևում է պաշտոնական վիճակագրության մեջ։ 2021 թվականի համեմատ՝ անցած տարի Ռուսաստանից ալյուրի ներմուծումն աճել է 6 անգամ և կազմել 66,7 մլն դոլար։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի տվյալներով ալյուր ներկրող երկրների շարքում Ռուսաստանը շարունակում է մնալ առաջին տեղում։

Ալյուրի ներմուծման աճին զուգահեռ նվազել է ցորենի ներմուծումը։ 2022 թվականի դրությամբ՝ վերջին մեկ տարում Վրաստանը գնել է 29 մլն դոլար և 183 հազար տոննայով պակաս ցորեն։ Կոնկրետ Ռուսաստանից նվազումը կազմել է 25,8 մլն դոլար 163,7 հազար տոննա։