Թորիա գյուղում խմելու ջրի խնդիրը դեռ ակտուալ է մնում: Այս անգամ բնակիչների համար խնդիրներ է հարուցում այն փաստը, որ Թորիա և Ուչմանա գյուղերի ջրի պոմպակայանները երկուսի փոխարեն ունեն մեկ էներգոհաշվիչ:
«Այն պատճառով, որ հարևան գյուղի բնակիչները չեն վճարում ջրամղիչ պոմպի օգտագործված էլեկտրոէներգիայի համար, մենք ստիպված մնում ենք առանց ջրի: Անգամ չգիտենք էլ, թե ում դիմենք օգնության համար: Խնդրում ենք բացել նոր բաժանորդագիծ, որպեսզի յուրաքանչյուր գյուղ վճարի իր օգտագործած ջրի համար»,- նշում են Թորիա գյուղի բնակիչները:
Գյուղական համայնքի Նինոծմինդայի քաղաքապետի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանն էլ իր հերթին նշեց, որ շինաշխատանքների իրականացման ժամանակ տեղադրվել է մի ջրամղիչ պոմպ, այդ պատճառով էլ էլեկտրամատակարարող ընկերությունը սահմանել է մեկ բաժանորդագիծ: Ըստ նրա մունիցիպալիտետի ղեկավարությունը տեղյակ է խնդրի մասին և խոստացել է, որ խնդիրը կլուծվի 2018թ.-ին:
Մնում է հուսալ, որ մինչ մունիցիպալիտետի ղեկավարությունը զբաղվի խնդրի լուծմամբ, բնակիչները բարեխղճորեն կվճարեն ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց և կունենան բնականոն ջրամատակարարում:
Մանրամասները դիտեք տեսանյութում.
Գարուշ Արզումանյան