Կկարողանան արդյոք Ջավախքում օգտվել կոմունալ արտոնություններից …

Կկարողանան արդյոք Ջավախքում օգտվել կոմունալ արտոնություններից …

Նոյեմբերի 1-ից մինչև 2021 թվականի փետրվարը ներառյալ, կառավարությունը հոգալու է այն ընտանիքների ծախսերը, ովքեր ծախսում են մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիա և մինչև 200 խորանարդ մետր բնական գազ: Նույն ծրագիրն այս տարվա գարնանն էր իրականացվել, բայց Ջավախքում շատերը դրանից չօգտվեցին, քանի որ բարձրլեռնային ծանր պայմաններում ծախսերը շատ ավելի մեծ են, քան ծրագրով սահմանած ցուցանիշները:

Jnews– ը բազմաթիվ նամակներ է ստացել Ջավախքի բնակչությունից, կորոնավարակի պատճառով, կոմունալ վճարների արտոնությունների ծրագրին տարածաշրջանի մասնակցության հարցը բարձրացնելու խնդրանքով:

«Մեզ մոտ շատ խիստ ձմեռ է, մենք մեր տները շուրջօրյա ջեռուցում ենք, եթե պետությունն իսկապես ցանկանում է մեզ օգնել կորոնավիրուսի ժամանակ, թող փոխի էլեկտրաէներգիայի և գազի սպառման համար նախատեսված արտոնյալ սահմանը: Ջավախքում ձմեռը տևում է 9 ամիս և շատ ցուրտ է լինում», – ասում է Ախալքալաքի բնակիչներից մեկը:

Տվյալ հարցը գարնանը Ջավախքում կրկին արդիական էր: Դեռ այն ժամանակ Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը դիմել էր իշխող իր կուսակցության ղեկավարությանը՝ «Վրացական երազանքին» շրջանային շտաբի ղեկավարի անունից, խնդրելով վերանայել բարձրալեռ շրջանների համար արտոնությունների պայմանները: Նրա խոսքով, ինքը ոչ մի պատասխան չի ստացել:

Հոկտեմբերի 31-ին կայացած քվեարկության նախնական տվյալներով Ախալքալաքից և Նինոծմինդայից մեծամասնական պատգամավոր ընտրված Սամվել Մանուկյանն ասում է, որ կփորձի հարցը բարձրացնել խորհրդարանում:

«Խորհրդարանի կազմավորումից հետո տեսնենք, կբարձրացնենք այս հարցը: Պետությունը այս օգնությունը հաշվարկել է ամենակարիքավոր ընտանիքների համար: Պետությունը համարում է, որ եթե մարդը տանը կենտրոնացված ջեռուցում ունի, ապա նա կարող է վճարել», – ասաց Սամվել Մանուկյանը:

Հիշեցնենք, որ COVID-19- ի տարածման հետ կապված իրավիճակի պատճառով, այս տարվա մարտին Վրաստանի կառավարությունը որոշում էր կայացրել փակել բաժանորդների կոմունալ ծախսերը մարտ, ապրիլ և մայիս ամիսներին: Նոյեմբերին ծրագիրը վերսկսվում է 4 ամսով: Սակայն, այս արտոնությունից կարող են օգտվել այն բաժանորդները, ովքեր ամսական օգտագործում են ոչ ավելի, քան 200 խորանարդ մետր բնական գազ և 200 կվտ էլեկտրաէներգիա:

Jnews.ge