Մարտի 30-ից Վրաստանի քաղաքացիները կարող են պատվաստվել գերմանա-ամերիկյան Pfizer-BioNTech պատվաստանյութով։
Մարտի 25-ին Վրաստանը ստացել է Pfizer-ի 29 250 դեղաչափ, որով պատվաստվելու է ավելի քան 14 հազար մարդ։ Պատվաստանյութի առաջին ներարկումից հետո երկրորդը նրանք կստանան երկու-երեք շաբաթից։
Pfizer-ով պատվաստման համար գրանցումը սկսվել է մարտի 25-ին։ Գրանցվել կարող էին միայն բուժաշխատողներն ու 65 տարեկանից բարձր անձինք։
Թբիլիսիին տրամադրած քվոտաներն ամրագրվել էին առաջին իսկ օրը։ Համեմատաբար ավելի դանդաղ էր գրանցումն ընթանում Բաթումում և Քութայիսիում, բայց արդյունքում՝ Pfizerի բոլոր դեղաչափերն ամրագրվել են։
Pfizer-ով պատվաստումն իրականացվում է Վրաստանի միայն երեք քաղաքներում և վեց հիվանդանոցներում՝ Թբիլիսիի չորս հիվանդանոցներում, ինչպես նաև Քութայիսիի և Բաթումի երկու հիվանդանոցներում։
Pfizer-ի առաջին դեղաչափով պատվաստումը տևելու է մինչև ապրիլի 14-ը, երկրորդ ներարկման համար բժիշկը յուրաքանչյուր բուժառուի անհատական մոտեցում կցուցաբերի։ Երկրորդ ներարկումը կարելի է անել մոտ երկուսից չորս շաբաթվա ընթացքում։