Այսօր՝ ապրիլի 23 -ին Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում ցուցադրվեց Պերճ Զեյթունցյանի «Մեծ Լռություն» ստեղծագործության բեմադրությունը, որը նվիրված էր Ապրիլի 24 -ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ներկայացմանը մասնակցում էին մշակույթի կենտրոնի դերասանական անձնակազմը՝ Մանվել Պոդողլյան, Սարո Ղարսլյան, Արմենուհի Մզիկյան, Սեւակ Բդոյան, Մարտին Արոյան եւ Նինոծմինդայի հայկական թիվ 1 հանրային դպրոցի աշակերտներ՝ Սեդա Արզումանյանը, Եվգինե Ղարսլյանը, Քրիստինե Նանայանը, Գայանե Իրիցյանը եւ Լուսինե Եսոյանը:
Մշակույթի կենտրոնի ռեժիսոր Արկադի Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց. «Հրահանգ ստացանք Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի բաժնից, որ համավարակի պատճառով չի թույլատրվում միջոցառում անցկացնել, այդ իսկ պատճառով այսօր հանդիսատես չունեինք եւ պետք է բեմադրությունը ներկայացնենք օնլայն տարբերակով: Կարծում եմ հանդիսատեսը կտեսնի, չնայած այն բանին որ ես չեմ հասկանում օնլայն թատրոն ասվածը»:
Դերասանուհի՝ Արմենուհի Մզիկյանն էլ իր հերթին նշեց. «Ես խաղում էի բանաստեղծ Դանիել Վարուժանի կնոջ Արաքսիի դերը, թե ինչպես են ձերբակալում Վարուժանին եւ այլեւս չենք տեսնում նրան: Ճիշտ է շատ դժվար էր այդ տեսարանը ներկայացնելը, բայց փորձեցի ինչքան որ հնրավոր էր մարմնավորել Արաքսիի կերպարը: Նաեւ դժվար էր ներկայացումը խաղալ ոչ թե հանդիսատեսի, այլ տեսախցիկների դիմաց: Երբ դերասանը հանդիսատեսի ներկայությամբ է խաղում ավելի լավ է կարողանում իր ապրումները ցուցաադրել իսկ տեսախցիկների դիմաց լրիվ այլ է եւ խաղացինք ինչքան կարող էինք»:
Նշենք, որ ներկայացումը օնլայն տարբերակով կցուցադրվի տեղական հեռուստատեսության Парвана Тв -ի եթերով։
Մանրամասները՝ աուդիոնյութում.