ՌԴ-ում գտնվող հայ միգրանտներից ում է սպառնում արտաքսման վտանգը

ՌԴ-ում գտնվող հայ միգրանտներից ում է սպառնում արտաքսման վտանգը

«ՌԴ-ում աշխատանքային միգրանտների հետ կապված նոր փոփոխությունների վերաբերյալ կեղծ լուրերն այնքան շատ են, որ մարդիկ շատ հաճախ խուճապի են մատնվում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է  «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի աշխատանքային միգրացիայի ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի դաշնությունում իրականացված օրենսդրական փոփոխություններով խստացվել են անօրնական միգրանտների պայմանները ՌԴ-ում։ Այդ օրենսդրական փոփոխությունների հետևանքով, Հայաստանից 61 հազար անօրինական միգրանտ պետք է լքի ՌԴ տարածքը։ Նրանց ժամանակ է տրվել մինչև այս տարվա հունիսի 15-ը։

Բեժանյանն ասել է, որ ամենօրյա ռեժիմով խորհրդատվություն է տրամադրում ՌԴ-ում  գտնվող աշխատանքային միգրանտներին։ Միգրանտները անհանգստություն ունեն, զանգահարում են,  ասում են իրենց խախտումների մասին՝ հետաքրքրվում՝ արդյոք եթե իրենք տուգանքները վճարեն, նորից պետք է լքեն ՌԴ տարածքը։ «Դեռ չեմ վերլուծել ստատիստիկան, թե հիմնականում ինչ խախտումներով են դիմում, հետաքրքրվում, բայց  կան դեպքեր, որ  մարդիկ անիմաստ խուճապի են մատնվել, քանի որ լուրեր են տարածվել, թե  2018-2019 թվականներից  գնացած բոլոր անձինք անխտիր պետք է  սահման հատեն, բայց նման բան չկա։ Բոլոր այն անձինք, ովքեր ունեն օրինական փաստաթղթեր, ունեն աշխատանքային պայմանագիր, ունեն միգրացիոն հաշվառում, այսինքն ՌԴ-ում գտնվում են օրինական  հիմքով, նրանց ոչինչ չի սպառնում։ Նոր օրենքը անդրադառնում է  այն մարդկանց վրա, որոնք ունեն առնվազն երկու  վարչական խախտում, անգամ եթե վճարել են տուգանքները։ Անդրադառնում է այն քաղաքացիների վրա, ովքեր միգրացիոն հաշվառում չունեն, հաշվառման ժամկետի խախտում ունեն, աշխատանքային  պայմանագրի ժամկետն է լրացել։ Այսինքն էս տեսակ խախտումներն են հիմա, որոնք նաև մուտքի արգելքի վտանգ ունեն և այդ խախտումները թույլ տված քաղաքացիները կարող են ընկնել այդ ալիքի տակ»,-ասել է Բեժանյանը․

Ի դեպ՝ համացանցում լուրեր էին շրջանառվում, թե  դեպքեր են եղել, երբ առանց հիմնավորման հայաստանցիներին հենց աշխատավայրից արտաքսում են, քանի որ արտաքսվածները իբր մինչև հունիսի 15-ը պետք է լինեն Հայաստանում, որպեսզի քվեարկեն իշխանության դեմ։

Տաթևիկ Բեժանյանն ասել է, որ դա աբսուրդ է, կեղծ լուրերի շարքից.«Կրկնում եմ, ես ամենօրյա ռեժիմով խորհրդատվություն եմ տրամադրում աշխատանքային միգրանտներին, բայց որեւէ նման դեպքի մասին չեմ լսել, որևէ բողոք չեմ ստացել, որ որևէ մեկին անօրինական ձևով, աշխատավայրից հանեն ու արտաքսեն։ Այդ լուրերը աբսուրդ են նաև այն առումով, որ եթե 61 հազարին բերում են Հայաստան ընտրության, բա 332 հազար ուզբեկներին ինչի համար են արտաքսում, կամ 23 հազար կիրկիզներին։ Կեղծ լուրերը շատ-շատ են ու քաղաքացիների անհանգստությունը հիմնականում հենց դրանով է պայմանավորված»,-ասել է նա։

Բեժանյանն ասել է, որ չգիտի՝ արդեն օրենքով պայմանավորված Հայաստան վերադառնում են, թե ոչ, բայց ինքը խորհրդատվության ժամանակ խախտումներ թույլ տվածներին հորդորում է կամավոր վերադառնալ, որպեսզի հետո արտաքսման չենթարկվեն, քանի որ դրանից հետո հնարավոր է շատ երկար ժամանակ չկարողանան մուտք գործել Ռուսաստանի դաշնություն։