Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Ռոման» Միլանում հյուրընկալվեց նորընծա չեմպիոն «Ինտերին» եւ պարտություն կրեց 1։3 հաշվով։
Հռոմեական թիմի գոլը 31-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն օգտագործեց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի սուր փոխանցումը։
«Ռոման» 58 միավորով 7-րդ տեղում է եւ չունի 6-րդ տեղում գտնվող «Լացիոյին» հասնելու հնարավորություն։ Մայրաքաղաքային մյուս թիմը 1։0 հաշվով հաղթեց «Պարմային» եւ վաստակել է 67 միավոր։ «Ինտերը» 88 միավորով է առաջին տեղում։
«Ատալանտան» 2։0 հաշվով հաղթեց «Բենեւենտոյին» եւ 75 միավորով երկրորդն է։ Նույնքան միավոր ունի երրորդ տեղում ընթացող «Միլանը», որը 7։0 հաշվով պարտության մատնեց «Տորինոյին»։
«Յուվենտուսը» 3։1 հաշվով հաղթեց «Սասուոլոյին» եւ 72 միավորով 5-րդն է՝ 1 միավոր հետ մնալով չորրորդ տեղում գտնվող «Նապոլիից»։ news.am