Բիձինա Իվանիշվիլիի կողմից 2012-13 թվականներին կառուցված ռեգբիի բազային Սամցխե-Ջավախքի մունիցիպալիտետները 2016-2020թթ. ընդհանուր առմամբ 1 171 861 լարիի չափով փոխանցում են արել: Այս մասին նշված է Transparency International Georgia հասարակական կազմակերպության հերթական զեկույցում:
Ասվում է, թե հնարավոր է գործ ունենք բյուջեի գումարի ոչ նպատակային ծախսերի հետ, և այս սխեմայով պետական աուդիտի ու պետական անվտանգության ծառայությունները պետք է զբաղվեն:
Ըստ զեկույցի` սխեման, որի համաձայն բյուջետային գումարները երկրում իշխող «Վրացական երազանքի» նախկին ղեկավար, նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի կողմից կառուցված ռեգբիի բազային են փոխանցվել, այսպիսի տեսք ունի.
Իվանիշվիլիի «Քարթու» հիմնադրամը 2012-2013թթ. կառուցել է Ասպինձայի Ռեգբիի բազան, որի սեփականատերը «Ռեգբիի աջակիցների դաշինք R-15» ՍՊԸ-ն է: Այս ՍՊԸ-ի երկու հիմնադիրներն էլ՝ «Ռեգբիի աջակիցների լիգան» (20%) և «Ասոցիացիա Ատուն» (80%) ուղիղ կապ ունեն Բիձինա Իվանիշվիլիի և «Վրացական երազանք» կուսակցության հետ: Այս կազմակերպությունները 2013-2020 թթ. 45 պետական գնումներից 3 984 317 լարի են ստացել, իսկ նրանց հիմնադիրները «Վրացական երազանքին» ու կուսակցության կողմից աջակցություն ստացած նախագահի թեկնածուին ընդհանուր առմամբ 376 200 լարի են նվիրաբերել:
Ասպինձայի ռեգբիի բազայի ֆինանսական աջակցությունը հետագայում ստանձնել են Սամցխե-Ջավախքի մունիցիպալիտետները: Նրանք 2016-ին «Սամցխե-Ջավախեթիի ռեգբիի Տաո ակումբ» են ստեղծել, որին մունիցիպալիտետները տեղական բյուջեից 2016-2020 թվականներին ընդհանուր առմամբ փոխանցել են 1 171 861 լարի:
2016թ «Սամցխե Ջավախեթիի ռարգբիի Տաո ակումբը» հիմնադրելու նախաձեռնությունն առաջարկել է այն ժամանակվա Ասպինձայի քաղաքապետը, ինչից հետո ամեն տարի բոլոր մունիցիպալիտետները (Ախալքալաքը միացել է 2017 -ին) հկ-ին հազարավոր լարիների չափով գումար են փոխանցել:
«Տաո»-ի հիմնական թիմը խաղում է առաջին լիգայում: Այն ունի նաև պատանիների թիմեր: Շրջանի մունիցիպալիտետներից Նինոծմինդան ոչ մի տարիքային խմբում խաղացող երբեք չի ունեցել ու չունի: Այնուամենայնիվ, չնայած սրան, 2016-2020թթ. 130 000 լարիի չափով փոխանցում է արել:
Ախալքալաքի մունիցիպալիտետը պատանիների թիմում 2018 և 2020 թվականներին մեկական խաղացող է ունեցել, չնայած բյուջեում գումար է ներդնում 2017 -ից ու ընդհանուր առմամբ «Տաո»-ին 190 000 լարի է փոխանցել՝ միայն երեք երիտասարդի համար 55 000-55 000 լարի:
Համեմատության համար, նույն տարիների ընթացքում Ախալքալաքի բյուջեում հիվանդություն ունեցող, ինչպես նաև սահմանափակ կարողությունների տեր անձանց սոցիալական պաշտպանության համար հատկացվել է 40 000 և 45 000 լարի: Բազմազավակ ընտանիքների երեխաների համար վճարովի ուսուցման ֆինանսավորման համար՝ 45 000 լարի, մեդիա կոնտենտ ստեղծելու համար՝ 40 000 լարի, կանաչապատված տարածքների մասին հոգ տանելու համար՝ 49 000 լարի:
«Տաո» կազմակերպությունը 2016-2021-ին ինը մրցույթ է հայտարարել սպորտային հավաքների համար, իսկ պահանջներին ամբողջությամբ համապատասխանել է «Ռեգբիի աջակիցների դաշինք R-15»-ը, հետևաբար՝ հաղթել է բոլոր մրցույթները: Հաղթած մրցույթների համար ընդհանուր առմամբ ստացել է 326 892 լարի:
Հարկ է նշել նաև, որ վերոնշյալ կազմակերպությունն այլ մրցույթների երբեք չի մասնակցել:aliq.ge