Վրաստանում ջերմաստիճանը չափազանց բարձր է, տեղ-տեղ հասնում է 40 աստիճանի:
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի մասնագետները զգուշացնում են, որ այս օրերին երկար ժամանակով դրսում գտնվելը կարող է վտանգավոր լինել մարդու կյանքի համար:
ԱՀԿ-ի տվյալներով` 2003 թվականին Եվրոպայում գրանցված ջերմային ալիքները 70 հազար մարդու մահվան պատճառ են դարձել: Մասնագետները զգուշացնում են, որ շոգի ժամանակ ճիշտ գործողությունները կարող են փրկել մարդու կյանքը: Բարձր ջերմաստիճանը ջրազրկում է առաջացնում: Արևահարումը վտանգավոր է հատկապես սրտի և շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց դեպքում: Հատուկ ռիսկի խումբը ներառում է 75 և բարձր տարիքի անձանց, երեխաներին` հատկապես նորածիններին, քրոնիկ և հոգեկան հիվանդություններ ունեցող անձանց, ալկոհոլային խմիչքների և թմրանյութերի սպառողներին, ծանր ֆիզիկական աշխատանք կատարողներին, մարզիկներին:
Մասնագետները խորհուրդ են տալիս տունը զով պահել: Ջերմաչափվել` օրական երկու անգամ `08: 00-ից 10: 00-ն, իսկ գիշերը` 22: 00-ից հետո: Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 32 աստիճանը, իսկ գիշերը ` 24 աստիճանը: Գիշերը հարկավոր է բացել պատուհանները և թողնել դրանք բաց մինչև առավոտ:
Ինչ վերաբերում է զովացնող սարքերին, դրանք կարելի է օգտագործել, եթե օդի ջերմաստիճանը չի գերազանցում 35 աստիճանը, հակառակ դեպքում սարքն անօգուտ է: Կարևոր է մեծ քանակությամբ հեղուկ օգտագործել:
Մասնագետները խորհուրդ են տալիս օրվա ամենաշոգ ժամանակահատվածում փողոց դուրս չգալ, իսկ ծանր աշխատանքի համար անհրաժեշտ է ընտրել առավոտյան 04: 00-ից 07: 00-ն ընկած ընթացքը:
Բժիշկները քաղաքացիներին զգուշացնում են` երեխաներին և ընտանի կենդանիներին չթողնել մեքենայում:
Գլխապտույտի, թուլության, ուժեղ ծարավի կամ գլխացավի դեպքում շտապ անհրաժեշտ է գնալ զով տեղ, չափել ջերմաստիճանը և ջուր խմել: Եթե ախտանիշները պահպանվում են ավելի քան մեկ ժամ, դիմել բժշկի: Բարձր ջերմաստիճանի, չոր մաշկի, տենդի, զառանցանքի, նոպաների, գիտակցության կորստի դեպքում շտապօգնություն պետք է շտապ կանչել:
Բժիշկները նաև հորդորում են քաղաքացիներին այս օրերին զգուշանալ արևայրուքից:aliq.ge