Կայծակի հարվածից սատկել են 130-ից ավելի ոչխարներ

Կայծակի հարվածից սատկել են 130-ից ավելի ոչխարներ

Հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Թոռնիկ Ուզոևը Կոտայքի մարզի Աժդահակ լեռան տարածքում մոտ 130-ից ավելի ոչխարների արածացնելու ժամանակ հրաշքով է փրկվել։

«Արդեն 1 շաբաթից ավելի է, նշված վայրում գառներ ենք արածացնում։ Երեկ, ժամը 7-ի սահմաններում մի քանի անգամ ուժեղ կայծակ խփեց։ Սկզբում կայծակի հարվածներից ոչինչ չեղավ, բայց վերջին կայծակի ժամանակ մոտ 130-ից ավելի ոչխարներ ու գառներն տեղում սատկեցին։ Կայծակի հարվածից անգամ ոտքս վնասվեց։ Դեպքի մասին տեղեկացրեցի տնեցիներին։

Հայրս իր ընկերների հետ եկավ ու կայծակի հետևանքով մոտ 130 սատկած ոչխարներ տեղափոխեցին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի՝ մեր կողմից վարձակալական հիմունքներով օգտագործվող գոմ։ Բոլոր ոչխարների սատկելու պատճառը եղել է կայծակի հարվածից սրտի տրաքելը։

Որին մորթում ենք, սիրտը տրաքած էր ։  Հիմա չգիտենք՝ ում դիմենք։ Խնդրում ենք Արարատի մարզպետին, մեր գյուղապետին՝ օգնեն, ինչով կարող են։ Ոչ հոշոտված էր, ոչ էլ գայլի ու կատաղած շան կողմից հարձակման հետևանքն է եղել։ Անվտանգ միս է, կարան օգնեն՝ գազանանոցն ընդունի, էլի գոնե մի քիչ փոխհատուցման հարց լուծեն։ Բազմազավակ ընտանիք ենք. մեր ապրուստի միակ միջոցն է։ Վարկով վերցրել ու զբաղվում էինք էս գործով։ Եթե պատկան մարմինները մեզ չօգնեն, ապա ողջ ընտանիքով կհայտնվենք կոտրած տաշտակի առաջ։ Խնդրում ենք, որպեսզի մարզպետարանն օգնի մեզ», -ասաց տուժողը․

Լրագրողի հետ զրույցում Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հայտնեց, որ խնդրին ծանոթանալուց հետո, եթե հնարավորություն եղավ, ապա պատրաստ է ընտանիքին օգնելու։