Արևմտյան Գերմանիայում և Բելգիայում տեղատարափ անձրևների հետևանքով սկսված խոշոր ջրհեղեղները հանգեցրել են ավերածությունների և մարդկային կորուստների: Ոստիկանությունը հայտնում է, որ շատ մարզերում քաոս է տիրում՝ հայտնում է BBC-ն:
Ըստ վերջին տվյալների՝ զոհերի թիվը Գերմանիայում հասել է 80-ի: Անհայտ կորել է ավելի քան 1,3 հազար մարդ, ոստիկանությունը չի բացառում, որ զոհերի թիվը կարող է ավելանալ՝ հայտնում է РИА Новости-ն:
Գյուղերը ողողված են ջրով, ծառերը գետին են տապալված, մեքենաները լողում են ճանապարհներին, իսկ փողոցները վերածվել են հոսող գետերի: Տարերքի պատճառով վեց տուն փլուզվել է, որոշ շրջաններում բջջային կապն անհասանելի է, գրեթե 150 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության:
Երկրում խափանվել է տրանսպորտային կապը: Իրավիճակը շարունակում է մնալ վտանգավոր: Փրկարակական աշխատանքներին մասնակցում է նաև բանակը:
Գրեթե նույն վիճակն է նաև հարևան Բելգիայում, այստեղ աղետից զոհվել է 6 մարդ, Նիդերլանդներում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում տների առաջին հարկերը ջրի մեջ են: Աղետի գոտիներից տարհանում են բնակիչներին: