Նինոծմինդայում անապատի կարգավիճակով են ապրում

Նինոծմինդայում անապատի կարգավիճակով են ապրում

Նինոծմինդա քաղաքում ամենակարևոր և հիմնական խնդիրներից մեկը շարունակում է մնալ խմելու ջրի բացակայությունը, հատկապես ամռան սեզոնին:

Ավելի քան յոթ օր է Նինոծմինդա քաղաքի մի մասը մնացել է առանց խմելու ջրի: Քաղաքի բնակիչները բողոքում են, որ ամռան գալուն պես իրենց տներում խմելու ջուր չկա:


Կարլ Մարքս նրբանցքի բնակիչները անապատի կարգավիճակով են ապրում՝ ջուրը ողորմություն են խնդրում հրշեջ ծառայությունից:

Խմելու ջրի բացակայությունը հանգեցնում է տնային տարբեր խնդիրների: Ամռանը որոշ բնակիչներ ջրում են իրենց այգիները, իսկ ոմանք ընդհանրապես ջուր չունեն: Ինչպես ասում են բնակիչները, թող կարգավորեն ջրամատակարարումը և օրական առնվազն երկու ժամ ջուր տան, որպեսզի կարողանան ջուր հավաքել: «Մենք ջուր ենք տանում հարևան փողոցներից կամ քաղաքի կենտրոնից, որտեղ ջուր է հոսում: Ի վերջո, դա անհնար է, տանը փոքր երեխաներ կան, պետք է լողանալ, լվացք անել, լվանալ սպասքը, ի վերջո պահածոյի սեզոն է, բայց ջրի իսպառ բացակայութունը հակասանիտարական պայմաններ են ստեղծում :

Բնակիչների խոսքով՝ նրանք զանգում են Վրաստանի Միացյալ ջրամատակարարման Նինոծմինդայի դեպարտամենտի ղեկավար Արզուն Գորոյանին, բայց նա չի պատասխանում հեռախոսազանգերին:

NOR ռադիոյի լրագրողը կապվեց Արզուն Գորոյանին, ով պատասխանեց, որ իրենք աշխատում են այս ուղղությամբ՝ պարզելու, թե որն է ջրի բացակայության պատճառը:

Բնակիչները ակնկալում են, որ մի շաբաթվա որոնումները կտան դրական արդյունք, այլապես մնում է կրկին հույսը դնել բնության վրա՝ աղերսելով անձրև: Որովհետև չգիտես ինչու անձրևների տեղալուն պես ջուրը որոշ ժամանակով գալիս է, իսկ հետևությունները թողնում ենք ձեզ:

Ջրի պակասի խնդիր գոյություն ունի, չնայած այն հանգամանքին, որ քաղաքը ջուր է ստանում նաև Հեշտիա և Դիլիֆ գյուղերից: Արդեն մի քանի տարի է, ինչ Նինոծմինդա քաղաքում այս հարցը չի լուծվում: